Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահի Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն է տարածել իր կալանավորման որոշման վերաբերյալ, որտեղ նա նշել է, որ վճիռը «քաղաքական որոշման արդյունք է և կայացվել է իշխանությունների բիրտ ճնշումների պայմաններում»:

«Բավական է միայն նշել, որ մեղադրական կողմը ներկայացնում էր 6 հոգանոց դատախազական թիմ՝ ՀՀ գլխավոր դատախազի գլխավորությամբ, ինչը մեր նորագույն պատմության մեջ աննախադեպ մի բան է, գործը քննող դատավորն ընտրվել էր օրենքի և համապատասխան ընթացակարգերի կոպիտ խախտումներով, իսկ իշխանամետ մամուլը առանց դատարանին սպասելու վաղուց արդեն հրապարակել էր որոշումը։ Ես և թիմակիցներս բազմիցս հայտարարել ենք, որ տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան անձնական հաշվեհարդար, իսկական վենդետա, որն իրականացվում է իմ և իմ ընտանիքի հանդեպ։ Դա ապացուցեցին նաև տխրահռչակ գաղտնալսումների ձայնագրությունները։ Անցածս ուղին, կառավարման տարիներին գրանցած արդյունքներս, հեղինակությունս Հայաստանում, Արցախում և արտերկրում, ինչպես նաև քաղաքական հեռանկարներս ոչ մի կերպ հանգիստ չեն տալիս օրվա պոպուլիստ ու երկիրը կառավարելու անընդունակ ղեկավարին։ Բացի այդ, պարզ է, որ 2008թ․ մարտի 1-ին մարդկային զոհերի պատճառ դարձած զանգվածային անկարգությունների գլխավոր կազմակերպիչը փորձում է մաքրվել արյունից և ինձ մեղավոր նշանակել», - գրել է նա:

Նա նաև վստահություն է հայտնել, որ վաղ թե ուշ հասնելու է ազատության։

«Վստահ եմ, որ ապացուցելու եմ իմ անմեղությունը։ Վստահ եմ նաև, որ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետությունը մեր նորագույն պատմության ամենածանր օրերին ղեկավարած մարդու դեմ սանձազերծված այս ապօրինի և լկտի հետապնդման բոլոր հեղինակներն ու կատարողները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ և դա լինելու է մոտ ապագայում։ Լի եմ պատրաստակամությամբ շարունակել քաղաքական պայքարը նաև բանտում։ Իշխանությունները և նրանց հովանավորները թող պարապ հույսեր չփայփայեն, թե կարող են կոտրել իմ կամքը։ Ես սովոր եմ ծանր փորձությունների և տեղի ունեցողը հերթական մի փորձություն եմ համարում։ Իմ կյանքի հերթական մի դրվագն է, որը կրկին ստիպված եմ նվիրել պայքարի հանուն ազատության և արժանապատվության», - գրել է նա: