Խորհրդարանի արտահերթի ընտրության արդյունքների վերջնական ամփոփումը տեղի կունենա քվեարկության ավարտից հետո յոթերորդ օրը։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյան։

Նա ձեռնպահ մնաց մանդատների բաշխման մասին թվեր ներկայացնելուց՝ նշելով.

«Հիմա արդեն սկսվել են հաշվարկներ կատարել, բայց պետք է նկատի ունենանք, որ կան գործառույթներ, որոնց իրականացումը կարող է որոշակի առումով անդրադարձ ունենալ նաև այս հարցերին։ Տարածքային ընտրական հանձնաժողովները կկայացնեն իրենց վերջնական որոշումները, դրանք կներկայացնենք գրանցամատյաններում առկա խախտումների վերաբերյալ, եթե կլինեն դիմումներ՝ դրանց վերաբերյալ, դրանք կներկայացվեն ԿԸՀ, հանձնաժողովը կամփոփի ընտրության արդյունքները և այս ամենը հիմք ընդունելով նոր կընդունվի որոշում ընտրության արդյունքների վերաբերյալ, որտեղ արդեն կնշվի նաև մանդատների բաշխման խնդիրը։ Ձեռնպահ կմնամ նաև ժամանակից շուտ տեղեկատվություն ներկայացնելուց, թե քանի պատգամավորով Ազգային ժողով կունենանք։ Հնարավոր է հիմա հրապարակվեն ինչ-ինչ թվային թվյալներ, որոնք հետագայում, որոնք հետագայում չհամապատասխանեն»։

Մուկուչյանը ներկայացրեց նաև մանդատների բաշխման սկզբունքը՝ առաջին քայլով որոշվում է կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը, որոնք հաղթահարել են  5 և 7 տոկոսանոց շեմը, դրանից ԸՕ-ով ամրագրված 105 մանդատները համամասնորեն բաժանվում են ստացված ձայներին համապատասխան այն կուսակցությունների ու դաշինքների միջև, որոնք հաղթահարել են 5 տոկոսանոց շեմը, որից հետո ստացված մանդատների կեսը կտրվի համամասնական ցուցակին, կեսը՝ տարածքային  ընտրական ցուցակներին։ Տարածքային ընտրական ցուցակներում մանդատները բաշխելու համար ևս կիրառվում է բանաձև՝ նախ որոշվելու է յուրաքանչյուր տարածքին հասանելիք մանդատների թիվը, պարզ լինելուց հետո նոր կորոշվի կոնկրետ անձինք, որոնք կստանան այդ մանդատները՝ պայմանավորված կոնտրետ տարածքում իրենց ստացած ձայների քանակով։