Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

Արցախի նախագահի ուղերձում ասված է.

«Մեծարգո՛ պարոն Փաշինյան,

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում Ձեր ղեկավարած դաշինքի տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ:

Հուսով եմ, որ նոր Ազգային ժողովն ու կառավարությունն ըստ ամենայնի կնպաստեն Հայաստանի Հանրապետության զարգացմանն ու զորացմանը, Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնության պահպանմանը, համազգային ծրագրերի իրականացմանը:

Մեր պետականության ու ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծումը, պաշտպանունակության և անվտանգության համակարգի հետագա ամրապնդումը, սոցիալ-տնտեսական առաջընթացի ապահովումը, բնակչության կենսամակարդակի բարձրացումն այն հիմնական ուղենիշներն են, որոնք պետք է լինեն երկու հայկական հանրապետությունների և դրանց քաղաքական ղեկավարության գործունեության հիմքում:

Մաղթում եմ Ձեզ, Հայաստանի Հանրապետության մեր բոլոր քույրերին ու եղբայրներին խաղաղություն, քաջ առողջություն, հաջողություններ ու հաղթանակներ՝ ի փառս մեր Հայրենիքի ու ժողովրդի»: