Թուրքիայի խորհրդարանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առիթով:

Փայլանն իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, գրել է.

«Ասում էին, թե նրանք չեն հեռանա: Հայաստանի ժողովուրդը Փաշինյանի գլխավորությամբ, նախ փողոցում՝ քաղաքացիական անհնազանդությամբ, երեկ էլ ընտրություններով հեռացրեց նրանց, ովքեր չէին գնալու: Շնորհավորում եմ միապետերի գերիշխանության աշխարհում այս հրաշալի հաղթանակը տարած իմ բարեկամ Փաշինյանին և նրա ընկերներին»: