Սիրիայի իշխանությունները նախատեսում են երկրի բոլոր շրջաններում բացել վերականգնողական կենտրոններ պատերազմի ընթացքում տուժածների համար, այդ թվում երեխաների, որոնք գտնվել էին  գրոհայինների մոտ։ Լրագրողներին այս մասին հայտարարել է Սիրիայի ազգային հաշտության հարցերով փոխնախարար Դիանա Հադուրը։

«Մենք հարցում ենք ուղարկել՝ խնդրելով թույլ տալ Դամասկոսում բացել վերականգնողական կենտրոն պատերազմի ժամանակ տուժած մարդկանց համար։ Այդ կենտրոնը նախատեսված կլինի նաև երեխաների համար, որոնք գտնվել են գրոհայինների նախապատրաստական ճամբարներում։ Ներկա պահին փաստաթուղթը քննարկվում է»,- ասել է պաշտոնյան։

Փոխնախարարը նշել է, որ նախատեսում են նման կենտրոններ բացել ամբողջ երկրում, բայց ժամկետներ չի ասել։

Հադուրի խոսքով, Սիրիայում արդեն նման երկու կենտրոն է գործում։ Կենտրոններն անվճար են լինելու։

«Պատերազմում տուժածների հետ աշխատում են հոգեբաններ և բժիշկներ, նաև հոգևորականներ։ Նախատեսվում է, որ նոր բացվող կենտրոններում երեխաների հետ կաշխատեն տարբեր մասնագիտություններ ուներ մարդիկ, որոնք կսովորեցնեն նրանց աշխատանքային հմտություններ, որպեսզի դեռահասները հնարավորինս արագ հարմարվեն խաղաղ կյանքին»,- ասել է նա։