Արմավիրի մարզային Քննչական վարչությունում ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Մասնավորապես՝ Արմավիր քաղաքի բնակչուհին դեկտեմբերի 9-ին ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում բացատրություն է տվել այն մասին, որ, աշխատելով իր բնակության վայրում գտնվող սննդի օբյեկտներից մեկում, իր տնօրենից ցուցում է ստացել Ազգային ժողովի ընտրություններին կողմ քվեարկել առաջադրված պատգամավորության թեկնածուներից մեկի օգտին:

Իսկ այն բանից հետո, երբ տնօրենը տեղեկացել է տվյալ թեկնածուին չընտրելու մասին, ըստ քաղաքացու տված բացատրության, իրեն ազատել են աշխատանքից: Դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով: Քրեական գործով նախաքննությունը շարունակելու համար գործն ուղարկվել է ՀՔԾ:

Aysor.am-ը, հղում կատարելով խիստ հավաստի աղբյուրների, հայտնում է, որ կնոջը ցուցում են տվել քվեարկել Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության կողմից Արմավիրի մարզն ընդգրկող թիվ 6 ընտրատարածքում առաջադրված դաշնակցական Արծվիկ Մինասյանի օգտին։