Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանն իր ֆեսյբուքյան էջում հայտնել է Արցախում նոր ՀԷԿ-ի շահագործման և էներգետիկ ոլորտում պետական քաղաքականության հեռանկարների մասին:

Նա հավաստիացրել է, որ առաջիկա 30 տարում Արցախը լիովին կհրաժարվի այլ էներգակիրներից (բենզին, դիզելային վառելիք, սեղմված բնական գազ), և տրանսպորտային միջոցները կշահագործվեն միայն էլեկտրաէներգիայով:

«Օրեր առաջ Թարթառ գետի վրա շահագործման է հանձնվել հերթական փոքր ՀԷԿ-ը, որտեղ մշտական աշխատանքի է ընդունվել 23 երիտասարդ՝ Մարտակերտի շրջանի Հաթերք և Գետավան համայնքներից: Ասել է թե՝ կայուն եկամտով ապահովվել է ևս 23 երիտասարդ ընտանիք, որոնք շարունակելու են շենացնել մեր երկիրը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դառնալով նրա հուսալի պաշտպանները…»,- ասվում է գրառման մեջ:

Արայիկ Հարությունյանն անդրադարձել է հեդրոէներգետիկային, կիսվել այս ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականությամբ և, ընդհանրապես, կանաչ էներգիայի վերաբերյալ աշխարհում գոյություն ունեցող միտումներով:

«Առիթ եմ ունեցել նշելու, որ եվրոպական երկրները ներկայում հստակ քաղաքականություն են իրականացնում առաջիկա մեկ տասնամյակի ընթացքում աստիճանաբար ածխաջրածնային շարժիչային վառելիքներից (բենզին, դիզելային վառելիք, սեղմված բնական գազ) հրաժարվելու նպատակով և որպես այլընտրանք՝ տարեցտարի մեծացնում են կանաչ էներգիայի արտադրության ծավալները: Գնահատելով այս առումով Արցախի ունեցած էներգետիկ ներուժը՝ շաբաթներ առաջ հայտարարել եմ, որ առաջիկա տարիների ընթացքում մինչև 1 միլիարդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա արտադրելու հնարավորություն կունենանք: Եվ դա պետք է անենք ոչ միայն էլեկտրաէներգիայի ավելցուկը արտահանելու, այլև ածխաջրածնային շարժիչային վառելիքներից ամբողջությամբ հրաժարվելու նպատակով: Եվ այսօր ուզում եմ հայտարարել, որ առաջիկա մոտ երեք տասնամյակների ընթացքում Արցախը ևս լիովին կհրաժարվի այլ էներգակիրներից (բենզին, դիզելային վառելիք, սեղմված բնական գազ), և տրանսպորտային միջոցները կշահագործվեն միայն էլեկտրաէներգիայով: Ու դրան հասնելու համար պետք է հավատ և վստահություն, ինչպես եղավ Արցախը էներգետիկ առումով ինքնաբավ դարձնելու ծրագիրն իրագործելիս: (Տասը տարի առաջ էլ թերահավատների պակաս չկար…)»,- ասվում է գրառման մեջ:

Նշվում է, որ արդյունքում Արցախը կախված չի լինի դրսի էներգակիրներից, և միջազգային շուկայում պարբերաբար արձանագրվող նավթի և գազի գների տատանումները բացասաբար չեն ազդի բնակչության և տնտեսության ֆինանսական ռեսուրսների վրա:

«Տեղին եմ համարում խոսել նաև մի մտահոգության մասին, որը կապված է մեր երկրում հիդրոէներգետիկայի զարգացմանը զուգահեռ՝ բնապահպանական հնարավոր խնդրիների հետ: Այստեղ, միանշանակ, անհրաժեշտ է լինել անզիջում և խնդիրները կանխարգելել կամ նվազագույնի հասցնել՝ մեծացնելով վերահսկողական մեխանիզմները: Մարդկային գործոնի ազդեցությունը սեփական բնաշխարհի և բարիքների նկատմամբ պետք է պայմանավորված լինի ոչ միայն քաղվող արդյունքով, այլ նաև այն իրողությամբ, թե ինչպիսի երկիր ենք ժառանգություն թողնելու մեր սերունդներին»,- ասվում է գրառման մեջ: