Արցախն իսկապես ունի արկածային տուրիզմի զարգացման համար մեծ հնարավորություններ։

Խոսելով Արցախում լեռնային զբոսաշրջության զարգացման մասին՝ «Արցախպրեսս»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը:

Նրա  խոսքով՝ այդ առումով Արցախի լանդշաֆտը թույլ է տալիս եզրակացնել, որ երկիրը կարող է իր ուրույն տեղը զբաղեցնել՝ որպես արկածային զբոսաշրջության ուղղություն։

«Բացի այդ, լեռնամագլցման գրեթե բոլոր հիմնական ուղղությունները կապված են տվյալ տարածաշրջային պատմամշակութային առանձնահատկությունների հետ, ասել է թե՝ վանքեր, բերդեր, դրանց մասին պատմվող տարբեր լեգենդներ, որոնք ավելի հետաքրքիր կարող են դարձնել լեռնամագլցումը կամ քայլարշավները, որոնք կարող են գրավել տարբեր նախասիրություններ ունեցող զբոսաշրջիկների։ Արցախում կան նախաձեռնություններ, օրինակ՝ Սպորտային տուրիզմի ֆեդերացիան, որը կազմակերպում է ամառային ճամբարներ, արշավներ։ Նմանատիպ այլ կազմակերպությունների մասին տեղեկություններ չունենք: Քանի որ դրանք հիմնականում հասարակությունից են բխում, մենք պատրաստակամ ենք համապատասխան աջակցություն ցուցաբերել, թե արդեն կայացած կազմակերպություններին  և թե նման մտահղացում հայտնող անհատներին։ Բացի այդ, մենք համագործակցում ենք տարբեր կազմակերպությունների հետ, այդ թվում՝ արտասահմանյան, Արցախում լեռնային զբոսաշրջության զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով»,- մանրամասնել է Ա. Գրիգորյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ 2015թ-ից Արցախում գործում է զբոսավարների և ուղեկցորդների լիցենզավորման կարգ, որը չի նախատեսում գործունեության հստակեցում, լինի դա լեռնամագլցում, թե մշակութային տուրիզմ։ Այս ուղղությամբ դեռ կան  անելիքներ, քանի որ լեռնամագլցումը բավականին մասնագիտացված և անվտանգության հետ կապված գործունեություն է, և այն պետք է համապատասխան ուշադրության կենտրոնում լինի նաև լիազոր մարմինների կողմից։

Թե ինչքանով են Արցախի լեռները գրավում զբոսաշրջիկներին և հիմնականում որ լեռներն են իրենք ավելի շատ նախընտրում, Ա. Գրիգորյանն ասել է.

«Քանի որ լեռնամագլցումը ոչ միայն համապատասխան բնական լանդշաֆտի առկայության հարց է, ինչը պակաս կարևոր չէ, համապատասխան երթուղիների, քայլուղիների, ուղղորդիչ ցուցանակների և այլ տեսակի ենթակառուցվածքների, մենք հարցը պետք է դիտարկենք նաև այդ տեսանկյունից։ Այդ առումով առանձնանում են Քիրսի լեռնագագաթը․ Դիզափայտը, Կաչաղակաբերդը (որպես քայլարշավային ուղղություն), որոնք արդեն իսկ համարվում են որպես քայլարշավների  հիմնական ուղղություններ»։