Դեկտեմբերի 11-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկել է համաժողով՝ նվիրված «Կանանց դերը արդարադատությունում» թեմային: 4-օրյա համաժողովը կազմակերպվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի հետ համատեղ: Մասնակցում են դատաիրավական համակարգի ներկայացուցիչներ` Հայաստանից և Միացյալ Նահանգներից:

Բացման խոսքով հանդես են եկել Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը:

Սերգեյ Առաքելյանը ողջունել է ներկաներին և նշել․

«Կնոջ դերը ժամանակակից աշխարհում թերագնահատելը միամտություն է, բայց դեռևս որոշ կարծրատիպեր կան ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Կանայք ապացուցել են, որ ոչ պակաս, քան տղամարդիկ, այլ հաճախ նաև ավելի դրական արդյունքներ են արձանագրում»։

Նա նաև հիշեցրել է, որ հայ կանայք լուրջ դերակատարում են ունեցել և ունեն համաշխարհային պատմության զարգացման մեջ. առաջին կին դեսպանը հայուհի Դիանա Աբգարն (Աբգարյան) էր, առաջին կին օվկիանոսագետը՝ Անիտա Կոնտին (Կարագոշյան), Նոր Զելանդիայի գերագույն դատարանի առաջին կին նախագահը ևս հայուհի էր՝ Սիան (Սրբուհի) Էլիասը:

ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն իր խոսքում ներկայացրել է, թե ինչպես են կանայք կարողացել հաղթահարել ոչ միայն մշակութային, այլև համակարգային մարտահրավերները առաջատար պաշտոնների հասնելու ճանապարհին.

«Կանայք ներկայացված են ամբողջ աշխարհի դատական իշխանությունում, դատախազությունում, ոստիկանությունում՝ չնայած համաշխարհային վիճակագրությունն այդ առումով հուսադրող չէ: Հուսով եմ՝ համաժողովին կգտնեք լուծումներ խթանելու կանանց ավելի լայն ներկայությունը հայաստանյան արդարադատության ոլորտում»,- նշել է Ռաֆիկ Մանսուրը:

ԹՊԻՀ երևանյան գրասենյակի տնօրեն Մայքլ Շուլմանը ներկայացրել է համաժողովի նպատակն ու բովանդակությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի  նախագահ Լիլիթ Թադևոսյանն իր հերթին խոսել է հայ հասարակությունում կնոջ դերի, պատասխանատու աշխատանք իրականացնելու, արդարադատության ոլորտում կանանց ներգրավվածության մասին:

Համաժողովի ընթացքում նախատեսվում է ձևավորել աշխատանքային առանձին խմբեր՝ քննարկելու կանանց համար կրթության, արդարադատության ոլորտում աշխատելու հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր: