Թուրքիայում հրապարակվող «Ակոս» թերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանի խոսքով՝ Հայաստանը կրկին հայտարարել է իր պատրաստակամության մասին՝ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու, սակայն չգիտենք՝ Թուրքիան արդյոք դրան պատրա՞ստ է:

Նա նման դիտարկում արեց անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ թուրքական լրատվամիջոցներից մեկի հարցի պատասխանին, որի ժամանակ ասվել է, որ ՀՀ-ը պատրաստ է Թուրքիայի հետ  դիվանագիտական հարաբերություններ հաստատելու՝ առանց նախապայմանների:

«Այստեղ նորություն չկա: Հերթական անգամն է, որ Փաշինյանը հայտարարություն է անում այս թեմայով, և հերթական անգամն է, որ Թուրքիայի իշխանությունները չեն արձագանքում այս հայտարարությանը: Հետևաբար այդ հայտարարությունները մեկ բանի են ծառայում, որ ապացուցեն՝ Հայաստանը միշտ պատրաստ է երկխոսության, իսկ Թուրքիան՝ ոչ: Սա փորձ է Փաշինյանի կողմից ոմանց աչքը «խոթելու» Թուրքիայի պահվածքը: Այդ ելույթով նա չի ակնկալում, որ երկխոսության համար ճամփա է բացվում»,- ասաց նա:

Ըստ Բագրատ Էստուկյանի՝ այս հարցով Թուրքիայի քաղաքականությունն ամբողջությամբ կաշկանդված է Ադրբեջանի կողմից:

«Չնայած Թուրքիան մեծ ու հզոր պետություն է, սակայն կաշկանդված է Ադրբեջանի կողմից»,- ասաց նա:

Նկատեց, որ Ադրբեջանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտող միակը չէ, բայց հիմնական գործոնն է:

«Անշուշտ, Թուրքիան դեռ պատրաստ չէ Հայոց ցեղասպանության փաստն ընդունելու, այս փաստը ուրանալը պետության քաղաքականության հիմքում է ընկած: Մերթընդմերթ Թուրքիան պետք է փորձի երկխոսության ջանքերի մեջ մտնել, բայց հակազդեցությունը շատ բուռն կերպով կգա Ադրբեջանից, և այդ սպառնալիքին նա  չի կարողանա դիմակայել»,- ասաց նա:

Իսկ թե ի՞նչը կարող է Թուրքիային ստիպել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին երկխոսություն սկսել. Բագրատ Էստուկյանն նկատեց, որ այս համատեքստում Թուրքիայի համար կարևոր խնդիր է այն, որ սահմաններ փակելով՝ հակասում է միջազգային հանրության քաղաքականությանը:

«Աշխարհում փակ սահմաններն ընդունելի չեն: Եթե Թուրքիան ցանկանում է Եվրամիությանը անդամակցել, պետք է իր հարևան երկրների հետ ավելի քաղաքավարի հարաբերություններ հաստատի, բայց Թուրքիայի իշխանությունները հեռու են այդ մտադրությունից: Ընդհակառակը, իրենց կողմնակիցներին հաճելի թվացող ելույթներ ունենալով՝ շահ է ակնկալում»,- ասաց նա:

Բագրատ Էստուկյանի խոսքով՝ Հայաստանը այսուհետ էլ պետք է շարունակի իր գոյությունը, ինչպես մինչ հիմա է արել՝ շրջափակման մեջ՝ առանց հաշվի առնելու Թուրքիայի գոյությունը:

«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը Հայաստանի շահերից է բխում, բայց, դժբախտաբար, այդ գործընթացում ինքնուրույն գործելու հնարավորություն չունի, որովհետև կան արտաքին գործոններ, երկրներ, որոնք ցանկանում են այդ լարվածությունը իրենց ձեռնտու ձևով մեծացնել: Տարածաշրջանային երկրները, գերտերությունները, այդ թվում Ռուսաստանը, միշտ ցանկանում են այդ խնդիրը «բաց վերքի» պես պահել, որ ժամանակ առ ժամանակ այդ «վերքի» վրա իրենք իրենց հաշիվները շարունակեն»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե հնարավո՞ր է ստեղծվի մի իրավիճակ, ինչպես 2008թ-ին էր, որ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնանա փակ սահմանների, հայ-թուրքական հարաբերությունների վրա, Բագրատ Էստուկյանը պատասխանեց․

«Ես այն ժամանակ էլ մտագոհ էի միջազգային հանրության՝ այս թեմայի վրա եղած ուշադրության հետ կապված: Գերտերություններն այն ժամանակ, իմ դիտարկմամբ, մեզ համար գործընկերներ չեղան: Այդ գործընթացի ջատագովներից մեկն էլ տիկին Քլինթոնն էր, բայց նա միաժամանակ վստահելի գործընկեր չէր թվում, և այդպես էլ չեղավ»,- ասաց նա:

Ըստ Բագրատ Էստուկյանի՝ շատ ավելի լավ և իմաստալից կլինի, որ տարածաշրջանային երկրները ներգրավվածություն ունենան գործընթացում, իրենց կամքով խնդիրը լուծվի:

Նա հավելեց՝ նկատի ունի, որ լավ կլինի հայ-թուրքական սահմանների բացման գործընթացում ներգրավված լինեն Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը և Իրանը:

«Այդ հարցի լուծումը այդ երկրների ժողովուրդների համար կարող է դրական նշանակություն ունենալ»,- ասաց նա:

Պոլսահայ խմբագրի խոսքով՝ Թուրքիայի հայ համայնքն էլ, տեղյակ լինելով ներքին գործընթացներին, հավանական չի համարում, որ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների կարգավորման գործընթաց կվերսկսի:

«Թուրքիայի հայ համայնքը ավելի քիչ վստահություն և ակնալություն ունի Թուրքիայի իշխանություններից և այդ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունից»,- ասաց նա: