«Այս ընտրությունները մի քայլ առաջ էին, դրանք շատ ավելի ազատ և անկաշկանդ անցան։ Սակայն հին Ընտրական օրենսգրքով և կեղծիքներով ընդունած Սահմանադրությամբ չենք կարող նոր Հայաստան կառուցել։ Ուստի անհրաժեշտ է  մեկ տարվա ընթացքում իրականացնել ԸՕ-ի փոփոխություն, ինչպես նաև փոփոխություն կուսակցությունների մասին օրենքում։ Միայն դրանից հետո հնարավոր կլինի նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել՝ ապահովելով գաղափարային մրցակցություն»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսանը։

Նրա խոսքով, մարդիկ ընտրել են անձին՝ Նիկոլ Փաշինյանին և նրան հավատալով՝ իր թիմին։

«70 տոկոս ձայների ապահովությունն արդյունք էր նախկին իշխանությունների հանդեպ ատելությունից, մարդիկ ուզում էին ազատվել հնից։ Մյուս կողմից, մոտ 900 հազար քաղաքացի չեկավ ընտրություններին, և անհրաժեշտ է պարզել՝ ովքեր էին նրանք, ինչու չեկան ընտրությունների։ Չէ՞ որ նրանք կարող էին փոխել ընտրությունների արդյունքները»,- ասաց բանախոսը։

Մեկ այլ դիտարկմամբ Արամ Սարգսյանն անդրադարձավ պատգամավորների թվաքանակի ավելացմանը՝ այդ փաստի առնչությամբ բացասական վերաբերմունք արտահայտելով։

«Հիմա պետք է սպասենք՝ ինչ տնտեսական ծրագրեր է ներկայացնելու իշխանությունը, որքանով է այն հիմնավորած լինելու մեր կարողությունների, ոչ թե ցանկությունների վրա։ Մեզ սպասում է շատ դժվար խնդիրների լուծում։ Նիկոլ Փաշինյանը մեկ քայլ արեց և հայտնվեց Արարատի գագաթին, հիմա խնդիրն այն է, որ շատ արագ չգահավիժի այնտեղից։ Եթե դուք դասարան առ դասարան չեք բարձրացել, չեք կարող լուծում տալ պետական մակարդակի հարցերին։ Նիկոլ Փաշինյանն ահռելի պատասխանատվություն է վերցրել իր վրա։  Արդյոք նա կդիմի՞ այն անձանց, ովքեր փորձ ու կարողություն ունեն և պատրաստ են իրենց նպաստը բերելու հայրենիքին»,- հարց ուղղեց բանախոսը։

Արամ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ խորհրդարանում ընդդիմություն չի լինելու, որքան էլ Էդմոն Մարուքյանը հայտարարի, որ ընդդիմություն է լինելու։ Նրանք, ըստ բանախոսի, նույն հիմքից են սերում, և իրական ընդդիմություն պետք է դառնան արտախորհրդարանական ուժերը։ ՀՀԿ-ն ևս, Սարգսյանի խոսքով, իրավունք չունի դառնալ ընդդիմություն, քանի որ այսօր ունենք այն, ինչ նրանք են ժառանգություն թողել։