2018թ-ի նոյեմբերի 29-ին և դեկտեմբերի 7-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «ԵՄ-ն քաղաքացիների համար՝ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդում» ֆինանսավորման համաձայնագրով նախատեսվում է €7.5 մլն տրամադրել ՀՀ կառավարությանը:

Կառավարության դեկտեմբերի 13-ի նիստի օրակարգում ընդգրկված որոշման նախագծում նշվում է, որ գումարն ուղղվելու է արդար և թափանցիկ ընտրական գործընթացների կազմակերպմանը, մարդու իրավունքների ոլորտում գենդերային հավասարության ապահովմանը, մեդիա ոլորտի զարգացմանը և կառավարման գործընթացներին քաղաքացիների մասնակցության ապահովմանը:

Համաձայնագրով սահմանված գործողության ընդհանուր արժեքը կազմում է €8.04 մլն: Եվրոպական միությունը սեփական միջոցներից Գործողության իրականացմանն ուղղելու է €7.5-ը, իսկ մնացած մասը համաֆինանսավորվելու է Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Շվեդիայի կողմից:

Ծրագրի արդյունքում նախատեսվում են մի շարք ուղղություններով արդյունքների գրանցում՝ թափանցիկ և վստահելի ընտրություններ, կառավարության բաց գործելաոճ և հաշվետվողականություն, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի բարձրացում, քաղաքացիական հասարակության հետ կառուցողական երկխոսության մեխանիզմ, մասնակցային ժողովրդավարության զարգացում, Հայաստանում ակտիվ լրատվական միջավայրի զարգացում, կանանց ներգրավվածության ամրապնդում և այլն: