«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է ֆրանսիական Ստրասբուրգ քաղաքում դեկտեմբերի 11-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը, հաղորդում է Amaq գործակալությունը:

Amaq-ի կայքում հայտարարել են, որ Ստրասբուրգի կենտրոնում մարդկանց ուղղությամբ կրակ բացած անձը ԻՊ-ի անդամ էր: Միևնույն ժամանակ հայտարարության մեջ չի նշվում որևէ փաստարկ, որը կապացուցի, որ հրաձիգն իսկապես եղել է ահաբեկչական խմբավորման անդամ:

Հիշեցնենք, որ երեքշաբթի երեկոյան Ստրասբուրգի 29-ամյա բնակիչ Շերիֆ Չեկատը քաղաքի կենտրոնում գտնվող սուրբծննդյան տոնավաճառի մոտ կրակ էր բացել անցորդների ուղղությամբ, այնուհետև փախուստի դիմել: Միջադեպի հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 13-ը:

Ավելի ուշ՝ դեկտեմբերի 13-ի երեկոյան նա սպանվել է ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ: