Ամերիկացի սահմանապահները ձերբակալել են ապօրինի ներգաղթյալների 12 հոգանոց խմբի, որը փորձել է երկրի տարածք ներթափանցել հարևան Մեքսիկայից, հաղորդում է Excelsior-ը:

Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել Տիխուանա քաղաքի մոտակայքում:

Նշվում է, որ ներգաղթյալներին ձերբակալել են ցանկապատով ԱՄՆ տարածք մտնելուց անմիջապես հետո: Օրինախախտների թվում երեք անչափահաս կա:

Ներգաղթյալներն իրավապահներին բացատրել են, որ մտադիր են եղել ապաստան խնդրել ԱՄՆ-ում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ամերիկացի սահմանապահների ու Հարավային Ամերիկայից ժամանած մոտ 500  ապօրինի ներգաղթյալների միջև թեժ բախումներ են տեղի ունեցել, ներգաղթյալների դեմ կիրառվել են արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ:

Հոկտեմբերից սկսած Հարավային Ամերիկայի մի շարք պետություններից՝ Հոնդուրասից, Սալվադորից ու Գվատեմալայից, հազարավոր ներգաղթյալների «քարավաններ» սկսել են շարժվել դեպի Միացյալ Նահանգների սահման: 

Նրանց ճանապարհն անցնում է ԱՄՆ-ին սահմանակից Մեքսիկայով, որի իշխանություններն անտեսել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ներգաղթյալների ընթացքը խոչընդոտելու պահանջը: