Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ առաջարկել է Երևանին գնել բելառուսական «Պոլոնեզ» համակարգերը, որոնք Մինսկը նաև Բաքվին է մատակարում, սակայն Հայաստանը հրաժարվել է:

Նա հավելել է, որ հայերը հրաժարվեցին «Պոլոնեզներից»՝ պատճառաբանելով, որ ռուսական «Իսկանդերներ» ունեն:

Մինսկն ու Բաքուն զարգացնում են համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում, ինչը խիստ քննադատության է արժանանում Երևանում, քանի որ ՀՀ-ն ու Բելառուսը ՀԱՊԿ անդամ են:

«Ադրբեջանցիներն, այո, օտար չեն ինձ համար, բայց մենք հայերի հետ միշտ միասին ենք եղել, և պետք չէ մեզ հանդիմանել այն բանի համար, որ մենք զենք ենք վաճառում Ադրբեջանին: Եվ ինչի՞ համար են քննադատում՝ հրթիռային համալիրի…Ուրեմն իմացեք՝ երբ «Պոլոնեզները» դրվեցին արտադրության, մենք փորձարկումների հրավիրեցինք և հայերին, և ադրբեջանցիներին, և ռուսներին»,- պատմել է Լուկաշենկոն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա նաև հավելել է, որ Բելառուսն Ադրբեջանի համար զենքի առաքումների մասով 4-5-րդ տեղում է, այդ թվում հաշվի առած «Պոլոնեզները»: Ըստ Լուկաշենկոյի, առաջին տեղում Ռուսաստանն է: