Ամանորին ռուսաստանցի զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան 2017թ-ի համեմատ կավելանա 76%-ով: Այդ մասին հայտնել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հղում անելով ռուսական կայքի հրապարակմանը:

«Եվ ընդհանրապես՝ ռուսաստանցիների թիվ 1 ամանորյա ուղղությունը Հայաստանն է՝ հսկայական առավելությամբ: Սա, իհարկե, շանս է բազմաթիվ հայաստանցի գործարարների համար՝ իրականացնելու իրենց բաժին տնտեսական հեղափոխությունը և ամառային ավելի մեծ տուրիստական բումի համար ամուր հիմքեր ստեղծել»,- ասվում է Փաշինյանի գրառման մեջ:

Ինչպես գրել է «Իզվեստիան» OZON.travel-ի վրա հղումով, Ամանորին ռուսաստանցիների շրջանում ամենանախընտրելի ուղղությունը Հայաստանն է լինելու, պահանջարկը 2017թ-ի համեմատ աճել է 76%-ով: Ըստ պարբերականի, ցուցանիշի վրա ազդել է տոմսերի 12%-ով էժանանալը, ինչպես նաև համեմատաբար մատչելի գները երկրի ներսում: