«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանի թիմակիցների՝ իր ուժի դեմ սկսած «այլանդակ հակաքարոզչությանը»:

«Մեծ, այլանդակ հակաքարոզչություն է իրականացվում մեր դեմ, դրված են մեծ ռեսուրսներ, մեծ փողեր, ֆեյքեր ու ֆեյք մարդիկ, որոնք իրականում կան, բայց ֆեյք մարդիկ են: Կան մարդիկ, որ իրենք իրենց կյանքով ֆեյք են», - ասել է նա:

Մարուքյանն ընդգծել է, որ Ծառուկյանի կուսակցությունը ԼՀԿ-ին պատերազմ է հայտարարել Հանրային հեռուստաընկերության եթերում արտահերթին մասնակցող ուժերի առաջնորդների մասնակցությամբ տեղի ունեցած մեծ բանավեճից հետո:

«Պատերազմ եք մեզ հայտարարե՞լ, լո՞ւրջ եք ասում, ախր մոռացե՞լ եք՝ մենք ով, դուք ով, մոռացե՞լ եք: Կմաշենք ձեզ, կմաշենք: Գագիկ Ծառուկյանը չի մարսել դեբատը: Ի՞նչ է ուզում Ծառուկյանն ինձնից: Ասում է՝ ես էլ եմ հեղափոխական, ջուր եմ ուղարկել հեղափոխությանը ու վիճարկում է մեր՝ հեղափոխական լինելու հանգամանքը: Բայց մենք ասել ենք՝ հեղափոխական չենք, մեզնից հեռու մնացեք: Հեղափոխությունը եղել է հին համակարգի դեմ, իսկ ինքը հին համակարգի մի մասն է», - ասել է նա:

Մարուքյանը պատասխանել է նաև «Լուսավոր Հայաստանին» կեղծ ընդդիմություն ասողներին:

«Ապրիլի 17-ին դուք ո՞ւր էիք, դուք չէիք եկել նիստին, վախեցե՞լ էիք գալ: Քիչ չի՝ չէիք եկել, դեռ մի բան էլ ձեր պատգամավորներին ասել էիք, որ կողմ քվեարկեն: Սերժ Սարգսյանին ընտրած տղերքով այսօր ավելի հեղափոխական եք հանդես գալիս, քան ես. ես հեղափոխական չեմ: Մարտի մեկով ձեր դեմ գործ է քննվում, դուք կարող եք մեր դեմ խոսե՞լ», - ասել է նա: