ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը, PanARMENIAN.Net ի հետ զրույցում անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, թե ինչու Փաշինյանը չի քննադատում Ռուսաստանին՝ Ադրբեջանին զենք վաճառելու համար, ասել է, որ Լուկաշենկոն հերթական փակ հանդիպումից հրապարակել է միայն իր ասածները՝ չհրապարակելով այն, թե ինչ պատասխաններ է ստացել ՀՀ վարչապետից:

«Անհրաժեշտ եմ համարում անել մի քանի կարևոր արձանագրում, պարոն Լուկաշենկոյի հայտարարության վերաբերյալ. նախ, ցավոք, նա շարունակում է փակ հանդիպումների բովանդակությունը հրապարակելու պրակտիկան: Ցավոք, հերթական փակ հանդիպումից հրապարակել է միայն այն, թե ինչ է ասել ինքը և չի հրապարակել այն, թե ինչ պատասխաններ է ստացել ՀՀ վարչապետից», - ասել է Եղոյանը

Ըստ նրա, Փաշինյանը Ռուսաստանի նախագահի հետ քննարկումներում մշտապես, այդ թվում՝ Լուկաշենկոյի հիշատակած հանդիպման ընթացքում, բարձրացրել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի խնդրահարույց հարցը: