Քննչական կոմիտեն հաղորդում է, որ ստացել և վարույթ է ընդունել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործը:

«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինության պետական տեսչության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության, ինչպես նաև «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, 2009թ-ի ապրիլից պատշաճ վերահսկողություն չեն սահմանել Երևան քաղաքի Ամիրյան 4/5, 4/14, 4/24 հասցեներում իրականացվող շինությունների շինարարության ընթացքում առկա շեղումներին», - ասված է հաղորդագրությունում:

«Վերոհիշյալ կառույցները չեն արձանագրել շինարարության ընթացքում առկա շեղումները, իսկ 2012թ-ի փետրվարի 26-ին վավերացրել են շինարարության շահագործման փաստագրման վերաբերյալ փաստաթղթերը՝ հաստատելով, թե, իբր, վերոհիշյալ հասցեներում կառուցվող անավարտ շինությունների շինարարությունը 2012թ-ի փետրվարի 27-ին ավարտվել է, և այն համապատասխանում է նախագծային փաստաթղթերին, Երևանի քաղաքապետարանի կողմից տրված շինարարության թույլտվություններին, և հիշյալ շինությունները պատրաստ են շահագործման համար, ինչն էական վնաս է պատճառել նշված շինություններում անշարժ գույք ստանալու իրավունք ունեցող քաղաքացու, ինչպես նաև՝ այլ անձանց իրավունքներին և օրինական շահերին»:

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու, պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահած անձանց շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ, փոխանցում է Քննչական կոմիտեն: