ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել տոնական օրերին հրավառություն կազմակերպելու վերաբերյալ՝ հիշեցնելով, որ լռության ժամերին հրավառություն կարելի է կազմակերպել բացառությամբ Ամանորի գիշերը։

«Տոների մոտենալու հետ ավելի հաճախ են կազմակերպվում հրավառություններ։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի» 180-րդ հոդվածը սահմանում է, որ գիշերային ժամանակ (ժամը 23։00-ից մինչև 7։00-ն) հրագործական արտադրատեսակներ օգտագործելը առաջացնում է տուգանքի նշանակում` 100 000 դրամի չափով: Վարչական տույժի նշանակման օրվանից հետո, մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` 200 000 դրամի չափով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ոստիկանության նպատակը տուգանելը չէ, այլ կանխարգելելը: Ոստիկանությունը քաղաքացիներին կոչ է անում խստագույնս պահպանել օրենքի պահանջը։

«Հորդորում ենք նաև այս օրերի տոնականությունը չխաթարելու համար՝ խստագույնս պահպանել հրագործական իրերի օգտագործման անվտանգության կանոնները՝ համակեցության շրջանակներում հոգալով և՛ ձեր, և՛ համաքաղաքացիների առողջության ու անդորրի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։