Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Grand Chess Tour շարքում գրավել է չորրորդ տեղը և վաստակել 135 հազար դոլար: Այս շարքի վերջին մրցաշարը London Chess Classic-ն էր:

Նշենք, որ երրորդ տեղի համար մրցամարտում Լևոն Արոնյանը մրցեց աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ և պարտություն կրեց արագ խաղի պարտիաներից մեկը տանուլ տալու հետևանքով:

Երկու դասական պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի, արագ շախմատի երկու պարտիաներից մեկն ավարտվեց ոչ ոքի, մյուսում հաղթեց Կարուանան, կայծակնային խաղի չորս պարտիաներից երկուսում հաղթեց Արոնյանը, երկուսում՝ Կարուանան:

London Chess Classic-ի հաղթողի կոչումը նվաճել է ամերիկացի Հիկարու Նակամուրան, որը եզրափակիչում առավելության է հասել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի նկատմամբ: Նակամուրան նվաճել է նաև Grand Chess Tour-ի գավաթը և ստացել 225 հազար դոլար: Երկրորդ տեղը գրաված Վաշյե-Լագրավի մրցանակն է 160 հազար, երրորդ տեղը գրաված Կարուանայինը՝ 145 հազար դոլար: