«Սարդարապատ» հուշահամալիրում դեկտեմբերի 25-ին կայանալու է ռազմապարերի «Պարք բանակաց» տեսապարուսույցի շնորհանդեսը։ Այն պատրաստվել է «Կարին» կրթամշակութային հասարակական կազմակերպության և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի համատեղ ջանքերով։

«Այն իր տեսակով աննախադեպ է և ենթադրաբար առաջնեկն է ոչ միայն հայ պարարվեստում, այլև համաշխարհային ռազմապարի գանձարանում: Վաղնջական ժամանակներից հայ զինվորի դաստիարակության հիմնասյուներից մեկը հայոց ռազմապարն է եղել, որը եզակիորեն կարողանում է ոչ միայն զինվորի մեջ ներդաշնակել հոգին ու մարմինը, այլև բերելով հայոց ինքնության՝ կերտել բանակում հավաքական ոգի. այն անպարտ ոգին, որն էլ պիտի կերտի հայոց արժանապատիվ ապագան և հայոց պատմական փառքը: Օր առաջ պիտի հայոց ռազմապարը ներդրվի հայոց բանակ՝ այն ավելի անպարտ, ավելի գաղափարական և ավելի վեհանձն դարձնելու համար»,- նշված է «Կարինի» ֆեյսբուքյան էջում։