Դեկտեմբերի 19-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության ներկայացուցիչների համատեղ պատվիրակությանը: Ռեկտորը ողջունել է պատվիրակության անդամներին՝ ՎԶԵԲ ավագ խորհրդատու Քեթրին Բրիջին, Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության կոմերցիոն իրավունքի խորհրդական Դեյվիդ Թանենբաումին և տարածաշրջանային ծրագրի ղեկավար Մարգարիտա Միլիխին՝ ուրախությամբ արձանագրելով Ակադեմիայի գործունեությամբ միջազգային գործընկերների հետաքրքրվածությունը:

Հյուրերը ցանկություն հայտնեցին համագործակցել, մասնավորապես՝ համատեղ կազմակերպել դասընթացներ, սեմինարներ դատավորների համար՝ սնանկության վերաբերյալ գործերի քննության առանձնահատկությունների և ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի կապակցությամբ:

Ռեկտորը տեղեկացրեց, որ ՀՀ դատավորները, օրենքով սահմանված կարգով, ամենամյա պարտադիր վերապատրաստում են անցնում Արդարադատության ակադեմիայում՝ Կառավարման խորհրդի կողմից հաստատված համապատասխան ուսուցման ծրագրերի համաձայն: Այդ ծրագրերով արդեն իսկ նախատեսված է դասընթացներ անցկացնել սնանկության, ինչպես նաև քաղաքացիական գործեր քննող դատավորների համար, սակայն հաշվի առնելով, որ Հայաստանում սնանկության դատարանը նոր է ձևավորվել, հատուկ ուշադրություն է դարձվել այդ հարցին:

«Վստահաբար համատեղ լրացուցիչ վերապատրաստումները, սեմինարները արդյունավետ կլինեն, որովհետև ոլորտը նոր է, գործունեության դաշտը՝ լայն և այդ առումով մեր գործընկերների փորձը կարող է օգտակար լինել»,-նշեց ռեկտորը: Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքին, ապա նշյալ թեմայով ևս մինչ օրենսգրքի ուժի մեջ մտնելը մի շարք վերապատրաստումներ են անցկացվել Ակադեմիայի ունկնդիրների համար: «Սակայն կարծում եմ՝ այս ընթացքում բազմաթիվ հարցեր առաջացած կլինեն»,- հավելեց ռեկտորը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին թեմային առնչվող մի շարք հարցեր, նաև պայմանավորվեցին համագործակցել սնանկության գործեր քննող դատավոր-դասընթացավարներ պատրաստելու հարցում: Նախատեսվում է կարիքների գնահատման հիման վրա համատեղ ծրագրեր մշակել և իրականացնել 2019թ-ին: