Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովն իր մտահոգությունն է հայտնել «Կենտրոն» հեռուստաընկերության կողմից հետընտրական շրջանում իրականացվող խմբագրական և եթերային քաղաքականության որոշ դրսևորումների կապակցությամբ:

Նշվում է, որ դեկտեմբերի 10-17 ընկած ժամանակահատվածում հեռուստաընկերության մի շարք հաղորդումներ, հատկապես` «Էպիկենտրոն» և «Անդրադարձ» տեղեկատվական ծրագրերը «հետևողականորեն և անթաքույց թիրախավորել են գործող քաղաքական ուժերից մեկին («Լուսավոր Հայաստան» կուսակցությանը-խմբ.), օգտագործելով քարոզչական և մանիպուլյատիվ հնարքների հարուստ զինանոցը»:

Հանձնաժողովը հիշեցրել է, որ հանրային թվային տիրույթում գործելու լիցենզիա ստացած հեռուստաընկերությունները պարտավորություն են ստանձնել արտացոլել հանրային շահերի բազմազանությունը, ապահովել գաղափարների և կարծիքների, անկողմնակալ տեղեկատվության ազատ շրջանառությունը՛ պահպանելով լրագրողական էթիկայի կանոնները:

«Հանձնաժողովի կողմից իրականացվող մշտադիտարկման տվյալները նաև ցույց են տալիս, որ վտանգված է օրենսդրությամբ երաշխավորված «Կենտրոն» հեռուստաընկերության խմբագրական անկախության և ազատ գործելու իրավունքը, ակներև զգացվում է քաղաքական մեկ ուժի և նրա ղեկավարի միջամտությունն ու թելադրանքը: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կոչ է անում «Կենտրոն» հեռուստաընկերության ղեկավարությանը պահպանել լրագրողական էթիկայի կանոնները, չվերածվել մեկ կուսակցության քարոզչական հարթակի և «միջկուսակցական պատերազմների» կողմնակալ մասնակցի, մնալ անաչառ տեղեկատվության և նորությունների հեղինակավոր աղբյուր: Հանձնաժողովը համոզված է, որ Հայաստանի յուրաքանչյուր վերգետնյա հեռարձակող գիտակցում է իր սոցիալական պատասխանատվությունը, որը վեր է կուսակցական և անձնական շահերից», - ասվում է հաղորդագրության մեջ: