ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը, քննելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, խորը մտահոգություն է հայտնել առաջադրվող մի շարք փոփոխությունների վերաբերյալ:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կոչ է անում երկրի իշխանություններին վերանայել կառավարության կառուցվածքի մասին շրջանառության մեջ դրած օրենքի նախագիծը և հատկապես Սփյուռքի նախարարությանը վերադարձնել իր իսկական առաքելությունը՝ ըստ հարկի նորոգված ու բարեփոխված օրակարգով:

«Առանց հայեցակարգի, պատշաճ հիմնավորման ու հանրային քննարկման նախարարությունները միավորելու, մի շարք պետական կառավարման մարմիններ վերակազմակերպելու և լուծարելու կառավարության նախաձեռնությունը որևէ քննադատության չի դիմանում։ Խնդրահարույց և կամայական այդ որոշումը հղի է լրջագույն բացասական հետևանքներով։ Չժխտելով օպտիմալացման միջոցով պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը՝ չկշռադատված և շտապողական ցանկացած քայլ համարում ենք անընդունելի։ Հատկապես անթույլատրելի է սփյուռքի և մշակույթի նախարարությունների, որպես առանձին պետական կառավարման մարմինների, գոյությունը հարցականի տակ դնելու մոտեցումը»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ սփյուռքի հետ հարաբերությունները նոր մակարդակի վրա բարձրացնելու, մեծ հայրենադարձություն կազմակերպելու մասին կառավարության հայտարարած նպատակները, թվում էր, պետք է հանգեցնեին հայեցակարգային նոր մոտեցումների որդեգրման։

«Սակայն սփյուռքի նախարարության գործունեությունը վերաարժևորելու փոխարեն՝ առանց լայն, համակողմանի հանրային և փորձագիտական քննարկման որոշում է կայացվել լուծարել նախարարությունը։ Համահայկական կառույցի բացը մասամբ լրացնող սփյուռքի նախարարությունը փակելու որոշումը վստահաբար բացասական արձագանք է գտնելու նաև արտերկրի մեր հայրենակիցների մոտ: Անկախ նրանից, թե վերոնշյալ նախարարությունն իր առջև դրված խնդիրները կարողացել է լուծել, թե ոչ, այն կոչված է ոչ միայն հանդիսանալու արտերկրի ու Հայաստանի հայությանն իրար կապող պետական հիմնական օղակը, այլև հայությանը մեկ ու ամբողջական տեսնելու գաղափարական մոտեցման դրսևորումն է»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ սփյուռքի ամրապնդումն ու հզորացումը ռազմավարական կարևոր խնդիր է և հայրենիքի անվտանգության ու առաջընթացի հիմնական երաշխիքներից մեկը: