Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, Եվրասիական միության մանկավարժական բուհերի ասոցիացիայի նախագահ Ալեքսեյ Լուբկովի գլխավորած պատվիրակությանը:

Ըստ ԿԳՆ հաղորդագրության, հանդիպմանը մասնակցել են նաև Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ներկայացուցիչները՝ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի ղեկավարությամբ:

Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում առանցքային է ինչպես մանկավարժական կադրերի պատրաստման, այնպես էլ գործող ուսուցիչների վերապատրաստման խնդիրը:

Նախարարի պաշտոնակատարը կարևորել է օտար լեզուների, մասնավորապես ռուսաց լեզվի դասավանդման որակի բարձրացումը՝ միաժամանակ ընդգծելով, որ այս ուղղությամբ երկու մանկավարժական բուհերը կարող են լուրջ դերակատարում ստանձնել:

Արայիկ Հարությունյանը նշել է նաև, որ 21-րդ դարի կրթությունն անհնար է պատկերացնել առանց տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և հավելել, որ այդ համատեքստում առաջնահերթ խնդիրներից է ժամանակակից էլեկտրոնային բովանդակության ձևավորման անհրաժեշտությունը:

Ռեկտորը բարձր է գնահատել հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների համատեքստում երկու մանկավարժական բուհերի միջև ձևավորված համագործակցությունը՝ ընդգծելով, որ առկա են դրանց ընդլայնման բոլոր հիմքերը:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ Ռուսաստան նախատեսված այցի շրջանակում հնարավորություն կունենա այցելել Մոսկվայի պետական մանկավարժական համալսարան և տեղում ծանոթանալ ուսումնական հաստատության հնարավորություններին: