ԱՄՆ ռազմական գերատեսչության՝ պաշտոնից հեռացող ղեկավար Ջեյմս Մեթիսը ստորագրել է ամերիկյան զորքը Սիրիայից դուրս բերելու մասին հրամանը:

Ռազմական գերատեսչության մամուլի քարտուղարը հաստատել է լուրը՝ նշելով, որ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես ստորագրել է հրամանագիրը:

Ավելի վաղ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Միք Մալվենին խոստովանել է, որ նախագահի որոշումը քաղաքական շրջանակներում և ԱՄՆ ռազմական գերատեսչությունում հավանության չի արժանացել, սակայն, նրա խոսքով, զորքերի դուրսբերմանն աջակցել են «շարքային ամերիկացիները»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին ԱՄՆ-ն հայտարարել էր Սիրիայից զորքը դուրս բերելու գործընթացի մեկնարկի մասին: Դոնալդ Թրամփի խոսքով՝ իրենց առաջադրանքն իրականացված է, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պարտություն է կրել: Դրանից հետո Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը և «Իսլամական պետության» դեմ պայքարում այլ երկրների հետ փոխգործակցության հատուկ ներկայացուցիչ Բրետ Մակգուրկը հրաժարական էին տվել:

Նախօրեին Թրամփը հայտարարել է, որ 2019թ-ի հունվարից Պենտագոնի ղեկավարի պարտականությունները կիրականացնի կառույցի ղեկավարի առաջին տեղակալ Պատրիկ Շանահանը: