Լեզվի կոմիտեն ֆեյսբուքյան էջում անդրադարձել է փոխառած հապավումների ճիշտ գրելաձևին։

«Երբեմն Լեզվի կոմիտե են դիմում հետևյալ հարցով.

«Ինչպե՞ս գրել՝ ՅՈԻՆԵՍԿՈ՞, թե՞ ՅՈՒՆԵՍԿՕ»:

Նախ ասենք, որ լեզուները հաճախ փոխառում են նաև հապավումներ: Oրինակ՝ ՖԻՖԱ, ՆԱՏՕ, որոնք օտար լեզուներով նշանակում են ֆր. Fédération Internationale de Football Association (Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիա), անգլ. North Atlantic Treaty Organization (Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպություն):

Ընդունված է նաև, որ լեզուները հապավումներ կազմեն օտար բաղադրյալ անվան թարգմանված բառերով: Օրինակ՝ անգլ. United Nations (UN) -Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), ռուս. Содружество Независимых Государств (СНГ) - Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ) և այլն:
Ինչպես նկատում ենք, հապավումները փոխառելիս դրանք տառադարձվում են, օրինակ՝ FIFA – ՖԻՖԱ, NATO – ՆԱՏՕ:

Դառնանք խնդրո առարկա հապավմանը: Բոլորս էլ գիտենք, որ կա միջազգային մի կազմակերպություն, որը անգլերեն կոչվում է United Nations Educational, Scientific and Cultural Organization (UNESCO, հայերեն՝ Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն): Քանի որ մենք փոխառել ենք այս անվան հապավումը` UNESCO-ն, բնականաբար այն պետք է տառադարձենք, պահպանենք նրա ուղղագրությունը:

Ասել է՝ ճիշտ է ոչ թե ՅՈՒՆԵՍԿՈ-ն, այլ ՅՈՒՆԵՍԿՕ-ն»: