Առողջապահության նախարարությունը ծրագրում է ներդնել համընդհանուր առողջապահական ապահովագրական պետական համակարգ։ Այս մասին ասել է Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը։ Հայտնում է Epress.am-ը։

«Պլան կա ունենալու համընդհանուր առողջապահական ապահովագրություն։ Բազմաթիվ քաղաքական որոշումներ պիտի կայացվեն․ քաղաքական, տնտեսական, սոցիալական։ Այսինքն՝ բազմաթիվ հարցեր կան, որ մենք քայլ առ քայլ պիտի գնանք առաջ։

Մեր ցանկությունն է դա անել պետական ապահովագրական հիմնադրամի կամ ընկերության միջոցով և ոչ մասնավոր ապահովագրական ընկերությունների միջոցով։ Ինչո՞ւ։ Որովհետև մասնավոր ապահովագրական ընկերությունները ունեն լրիվ ուրիշ շահեր, որոնք շատ հաճախ, դեպքերի մեծ մասում, չեն համընկնում այն սոցիալական պատասխանատվության հետ, որ ունի պետությունը իր քաղաքացիների նկատմամբ։

Մասնավոր ընկերությունները շահագրգռված են միայն իրենց շահույթ ունենալու մեջ, նրանք բժշկական կազմակերպություններ չեն, նրանք ֆինանսական կազմակերպություններ են։ Իսկ ինչո՞ւ չեն ուզում մասնավոր ապահովագրականներն ապահովել տարեց մարդկանց։ Քանի որ նրանց առողջապահական ծախսերն այնքան մեծ են, որ իրենց ձեռք չի տալիս։ Այն, ինչ որ հիմա կա Հայաստանում, դա մասնավոր հարաբերությունների դաշտում է, և պետությունը ոչ մի կերպ չի կարող խառնվել։ Դրա համար ենք մենք դեմ այդ մասնավոր ապահովագրական ընկերությունների համակարգի ներդրմանը, որովհետև պետականի դեպքում բոլոր ռիսկերը կշռվում են, իրար չեզոքացնում են՝ մեծ թվերի օրենքի համաձայն:

Այսինքն՝ միջին գին ունենալով՝ դու մեկի վրա շատ ես ծախսում, մեկի վրա քիչ ես ծախսում, խնդիր չունես շահույթ ունենալու, միայն խնդիր ունես վերջում զրոյի վրա կանգնելու։ Միայն։ Իսկ մասնավոր ապահովագրականները լրիվ հակառակ շահերն ունեն։ Դրա համար, այո՛, պետական ապահովագրականներով։

Երկու տարուց կսկսենք, եթե ամեն ինչ բարենպաստ գնա։ Համակարգը, կարծում ենք, որ պիտի սկսել աշխատել 21թ-ից»։