Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել.

«Անցած օրը մեր 80-ամյա հարևանի բնակարան են ներխուժել ագրեսիվ անձիք և դաժան ծեծի ենթարկել նրան և նրա տիկնոջը…

Մեր բակում առկա իրավիճակի և խուլիգանությունների մասին ոստիկանությանը ես արդեն 3 ամիս բողոքում եմ, բայց ապարդյուն…

Փաստորեն իրավապահների հանցավոր անգործության զոհ դարձան այս անգամ շենքի ամենատարեց և անպաշտպան բնակիչները…

ՀԳ – Հերթական խուլիգանության համար նկատողություն էր արել 80-ամյա հարևանս…ջահելներն էլ մտել էին նրա բնակարան և հաշվեհարդար էին արել… թե մեր խաթրին կպնող չպիտի ըլնի»:

ՀՀ ոստիկանության կայքում այս գրառման առնչությամբ հրապարակվել է պարզաբանում, որում մասնավորապես ասված է.

«Նախ տեղեկացնենք, որ տարածքը սպասարկող՝ ոստիկանության Կենտրոնական բաժնում օրինական ընթացք են տրվել թե՛ հրապարակման մեջ հիշատակվող տարեց քաղաքացու, թե՛ Վարդգես Գասպարիի բոլոր ահազանգերին և հաղորդումներին։ Առանձին դեպքերով կան և՛ նախապատրաստված նյութեր, և՛ հարուցված քրեական գործեր։

Հրապարակման մեջ նկարագրվող դեպքի վերաբերյալ․

Հունվարի 2-ին, ժամը 18։55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից, ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Դեմիրճյան 17 շենքի բնակիչ, 79-ամյա Հ․ Մ․-ն և հայտնել, որ իրենց հարևան բակերից մի քանի երիտասարդներ, ում ինքը միշտ նկատողություն է անում բնակիչների հանգիստը խանգարելու համար, այսօր իր տանն իրեն ծեծել են:

Ոստիկանության Կենտրոնական բաժնից մեկնած ծառայողներին Հ. Մ․-ն հաղորդում է տվել, որ նույն օրը ժամը 18։35-ին, 16-ամյա Հ․ Գ․-ն իր բնակարանում հարվածներ է հասցրել իր գլխին՝ պատճառելով վնասվածք:

Նույն օրը, ժամը 21։20-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում 16-ամյա Հ. Գ․-ն հաղորդում է տվել, որ ժամը 19։00-ին 79-ամյա Հ. Մ․-ն վիճել է իր հետ, որի ընթացքում հարվածներ է հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածք:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր»: