Կորեական թերակղզուն վերաբերող բոլոր հարցերը Սեուլը լուծելու է Միացյալ Նահանգների հետ փոխհամաձայնությամբ: Այդ մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի շուրջ սառեցված վեցակողմ բանակցություններում Հարավային Կորեայի պատվիրակության ղեկավար Լի Դո Հունը:

Դիվանագետը, որը պատասխանատու է նաև թերակղզում խաղաղ փոխանակումների համար, ժամանել է Վաշինգտոն՝ ԱՄՆ-ի ներկայացուցիչներին ծանոթացնելու Կորեայի Հանրապետության և ԿԺԴՀ-ի նախարարների միջև հունվարի 9-ին կայացած հանդիպման արդյունքներին: «Ես պլանավորում եմ տարաբնույթ քննարկումներ անցկացնել Կորեական թերակղզու խնդրի շուրջ Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի միջև կոորդինացման ամրապնդմանն ուղղված մեր ջանքերի շրջանակներում»,-հայտարարել է նա լրագրողներին:

Նախօրյակին, ինչպես հաղորդել է Սպիտակ տունը, կայացել է Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի նախագահներ Մուն Չժե Ինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը: Մուն Չժե Ինը ամերիկացի պաշտոնակցին տեղեկացրել է միջկորեական հանդիպման արդյունքների մասին: Կողմերը նաև կարևորել են ԿԺԴՀ-ի վրա գործադրվող ճնշման շարունակումը, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: