ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով վերջին օրերին Ղազախստանի Կարագանդա քաղաքում ծավալվող իրադարձություններին, հայտարարել է, որ դեռևս հունվարի 3-ին Ղազախստանում ՀՀ դեսպանությունը հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ։ Նա նաև կոչ է արել չտրվել պոպուլիզմի և սադրանքների գայթակղությանը:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ի գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքի ռեստորաններից մեկի մոտ մի խումբ երիտասարդների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով սպանվել է մեկ ղազախստանցի։ Ըստ ղազախական ԶԼՄ-ների, իրավապահները ձերբակալել են սպանության մեջ կասկածվող 3 անձի, որոնցից 2-ը տեղի հայ համայնքից են: Սպանությանը հաջորդել են հակահայ կարգախոսներով բողոքի ցույցերը:

«Հասկանում ենք, որ երբ արվել է այդ հայտարարությունը, Հայաստանում տոնական օր էր, և հավանաբար ոչ բոլորն են դա նկատել։ Բնական է, որ արված հայտարարությունը մեր կատարած աշխատանքի միայն հրապարակային կողմն է արտահայտում։ Դեսպանության տարածած այդ հայտարարության մեջ մասնավորապես հույս է հայտնվում, որ այս իրավիճակի վերաբերյալ անդրադարձ կատարելիս հիմք կընդունվեն պաշտոնական աղբյուրները, և սոցիալական ցանցերում չի տարածվի չստուգված տեղեկատվություն, ինչը կարող է դառնալ հանրային կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու աղբյուր՝ այս կենցաղային հողի վրա տեղի ունեցած ողբերգությանը փորձելով տալ ազգամիջյան նրբերանգ:

Այս հորդորը շարունակում է արդիական մնալ։ Այնուամենայնիվ, Հայաստանում տուրք են տվել որոշակի հայտարարությունների, որոնք արվել են առանց հաշվի առնելու թե մեր երկրի պաշտոնական դիրքորոշումը, որը մասնավորապես արտահայտվել է Հայաստանի դեսպանության հայտարարության մեջ, թե հարցի գերզգայուն բնույթը Կարագանդայում բնակվող մեր հայրենակիցների համար»,- ասվում Շավարշ Քոչարյանի մեկնաբանության մեջ:

Նշվում է, որ ՀՀ ԱԳՆ-ն և Ղազախստանում ՀՀ դեսպանությունն առաջին իսկ պահից մշտական կապի մեջ են գտնվում Ղազախստանի իշխանությունների, պատկան մարմինների հետ՝ որոշում կայացնողների մակարդակով: Այդ անմիջական շփումները Հայաստանի և Ղազախստանի գերատեսչությունների միջև շարունակվում են: Երկուստեք որդեգրվել է նույն դիրքորոշումը, որ սա կենցաղային քրեական երևույթ է, որին ազգամիջյան նրբերանգ տալու որևէ փորձ պետք է խստորեն բացառել։ Ղազախական կողմից տրվել են բոլոր հավաստիացումները, որ ձեռնարկվելու են համապատասխան միջոցներ՝ իրավիճակի վերահսկման և նմանօրինակ պոռթկումների վերացման ուղղությամբ: Եվ այդ միջոցները ձեռնարկվում են։ Դեսպանությունը նաև շուրջօրյա կապի մեջ է համայնքային կառույցների ղեկավարների հետ:

«Գիտակցելով ստեղծված իրավիճակի հետ կապված մտահոգությունները՝ կոչ ենք անում խորհրդատուներին, մասնագետներին առավել մեծ պատասխանատվություն ցուցաբերել այս շատ զգայուն հարցի շուրջ իրենց հայտարարություններում և չտրվել պոպուլիզմի և սադրանքների գայթակղությանը. սա գերզգայուն հարց է, որին ազգամիջյան երանգ տալու բոլոր փորձերը դատապարտելի և անհանդուրժելի են»,- ասվում է մեկնաբանության մեջ։

Միջադեպից հետո Կարագանդայում հարյուրավոր քաղաքացիներ՝ հատուկ նշանակության զորքերի վերահսկողությամբ բողոքի ակցիա են իրականացրել՝ հայտնելով իրենց վրդովմունքը տեղի ունեցածի կապակցությամբ։ Միջադեպի կապակցությամբ հայտարարություն է տարածել Ղազախստանում ՀՀ դեսպանատունը, որում իր ցավակցություններն է հայտնել սպանվածի հարազատներին ու մտերիմներին: Սոցիալական ցանցերում տարածվել է նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների տեսաուղերձը, որտեղ նրանք ներողություն են խնդրում կատարվածի համար, ցավակցություններ հայտնում սպանվածի հարազատներին։