Տավուշի մարզի Այրում համայնքի Բագրատաշեն բնակավայրում ավագանու անդամ Մհեր Բաղդասարյանը նախաձեռնել է բողոքի ակցիա՝ ընդդեմ վարչական ղեկավար ՀՀԿ-ական Արկադի Մակյանի:

Այս պահին նստարանով փակված է համայնքապետարանի մուտքը. Արկադի Մակյանին թույլ չեն տալիս գնալ աշխատասենյակ և պահանջում են հրաժարականի դիմում գրել: «Ստեղծել են» նաև դիմում գրելու համապատասխան պայմաններ. թուղթն ու գրիչը դրված է նստարանի վրա: Այս մասին գրում է hetq.am-ը։

Մհեր Բաղդասարյանը համայնքում ամենաշատ ձայներ ստացած ավագանու անդամն է: Բագրատաշենը համայնքների խոշորոցման ծրագրով ներառվել է Այրում համայնքում: Այսինքն` Արկադի Մակյանը ոչ թե ընտրված համայնքապետ է, այլ նշանակված վարչական ղեկավար Բագրատաշենից: Մհեր Բաղդասարյանի խոսքով՝ երբ գյուղում եղած խնդիրները չեն լուծվում, բնակիչները ոչ թե նշանակված պաշտոնյայից, այլ ժողովրդի կողմից ընտրված անձանցից` ավագանու անդամներից են բացատրություններ պահանջում:

«Բագրատաշենը համայնքի ամենամեծ գյուղն է, ամենամեծ բյուջեն ունի, բայց կոնկրետ մեր համայնքի համար ոչինչ չի արվում. փողոցներն ասֆալտապատ չեն, կեղտոտն են, գյուղի կարևոր մի քանի փողոցում չկա լուսավորություն», - ասաց Մհեր Բաղդասարյանը: Վերջինիս խոսքով` ինքն ու ակցիայի մասնակից այլ անձիք, որոնց թիվն այս պահին շատանում է, պահանջում են, որ Արկադի Մակյանը դիմում գրի և հեռանա, որից հետո բնակիչները կորոշեն, թե ում են ցանկանում տեսնել համայնքի ներկայացուցչի տեղում:

Բաղդասարյանը նկատում է, որ ի տարբերություն մի քանի այլ փողոցների, այն փողոցում, որտեղ Մակյանն է ապրում, լուսավորության խնդիր չկա:

Բագրատաշենի բնակիչ, դերասան, սցենարիստ Վահե Հովհաննիսյանը ասաց, որ իրենց պահանջներին Արկադի Մակյանի պատասխանն այն է լինում, որ լավ կլինի, իր ձեռքին ոչինչ չկա:

«Թող Մակյանը հեռանա ու գա մեկն, ում «ձեռքին բան կա», կարող է ի նպաստ գյուղի քայլեր կատարել ու պահանջներ ներկայացնել»,- Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ պահանջում են բնակիչները:

Արկադի Մակյանը նշեց, թե մի երկու երիտասարդներ են իր դեմ բողոքողները, սակայն չհերքեց, որ գյուղում շատ խնդիրներ կան: Հարցին՝ ինչո՞ւ խնդիրները չեն լուծվում, Արկադի Մակյանը պատասխանեց, որ դրանք հերթով լուծվում են:

«Լուսավորության հարցն է, ճանապարհների, ջրի, հերթով պիտի լուծվեն այդ խնդիրները. ջրի հարցը լուծված է, շուտով ջրաչափեր կտեղադրվեն: Ինչ վերաբերում է ճանապարհների խնդրին, սպասում են, որ գարնանը սկսենք աշխատանքները, հիմա ցեխոտ է լինում: Այս տարի կլուծվի նաև լուսավորության հարցը», - ասաց Մակյանը:

Հարցին՝ այսինքն՝ բնակիչներն անհի՞մն են բողոքում, Մակյանը պատախանեց, թե անհիմն չէ բողոքը, պարզապես նրանց պահանջներն են շատ:

Նշենք, որ Բագրատաշեն եկել նաև Այրումի համայնքապետ Արայիկ Պարանյանը: Բողոքի ակցիայի մասնակիցները նրան ներկայացնում են համայնքի խնդիրներն ու իրենց բողոքի պատճառները:

«Մակյանը գալիս է, գյուսապետարանը բացում, նստում, գնում տուն ու աշխատավարձ ստանում: Մենք ասում ենք, որ գյուղի ճանապարհները պետք է սարքել, որ դեպի հողատարածքներ տանող ճանապարհներն առավել անմխիթար վիճակում են, որ կովերը խմելու ջուր չունեն, բայց խնդիրները չեն լուծվում. երեք ամիս առաջ ժողով արեցինք, դրանից հետո ընդամենը ներկվել են համայքապետարանի դարպաստները», - Արայիկ Պարանյանի հետ զրույցում ասաց Մհեր Բաղդասարյանը։

Նշենք, որ այս պահին համայնքապետի աշխատասենյակ տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ: Փոստային ծառայություն գնացող և թոշակ ստանալու նպատակով համայնքապետարան այցելած քաղաքացիների համար ակցիայի մասնակիցները բացում են մուտքի ճանապարհն ու պնդում, որ մուտքը փակ է միայն Արկադի Մակյանի համար: Վերջինս էլ պարբերաբար կրկնում է, որ ինքը կառչած չէ աթոռից: