Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած միջադեպի գործով կասկածյալ և հետախուզվող Նարեկ Գուրուրյանը համացանցում հրապարակած տեսաուղերձում հայտարարել է, որ պատրաստ է պատասխանատվություն կրել իր արարքների համար, սակայն մարդասպան չէ:

Գուրուրյանը ցավակցություն է հայտնել սպանվածի ընտանիքին և ասել, որ պատրաստ է հանձնվել իրավապահ մարմիններին: Նա հայտարարել է, որ մասնակցել է զանգվածային ծեծկռտուքին, սակայն ոչ ոքի չի սպանել: Նա հայտարարել է, որ պատրաստ է հանձնվել Ղազախստանի իրավապահ մարմիններին և ակնկալում է արդար քննություն և իր անվտանգության ապահովում:

Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Գուրուրյանի ուղերձը, հայտնում է Tengrinews.kz-ը:

Ըստ իրավապահների, նրա ազգականներին են փոխանցվել իրավապահ մարմինների աշխատակիցների հեռախոսահամարները:

«Սակայն մինչ օրս դեռ ոչ ոք կապ չի հաստատել»,- հայտնել է ՆԳՆ ներքին և արտաքին հաղորդակցության դեպարտամենտի տնօրեն Ալմաս Սադուբաևը:

Նա հայտարարել է, որ Ղազախստանի ՆԳՆ-ն երաշխավորում է գործի օբյեկտիվ, բազմակողմանի քննությունը և Գուրուրյանին խորհուրդ է տալիս կամավոր հանձնվել ոստիկանությանը՝ խուսափելով ծանրացուցիչ հանգամանքների առաջացումից: Նշվել է նաև, որ քննության ընթացքը Ղազախստանի ՆԳՆ հատուկ հսկողության տակ է:

Կարագանդայում խուլիգանական գործողությունների և 23-ամյա տղամարդու սպանության կատարման կասկածանքով կալանավորվել է 8 մարդ, իսկ կասկածյալներից մեկի՝ քաղաքացի Գուրուրյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: