ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժողովրդին ուղղված իր հեռուստատեսային ուղերձում խոսել է Մեքսիկայի հետ սահմանին ճգնաժամի մասին ու կոչ արել 5,7 մլրդ դոլար հատկացնել երկու երկրների միջև պատի կառուցման համար: Ամերիկայի նախագահի ելույթը հեռարձակել է CNN-ը:

ԱՄՆ նախագահի խոսքերով, միգրացիայի հետ կապված հանցագործությունների պատճառով հազարավոր մարդիկ կարող են մահանալ: Նա անդրադարձել է անօրինական ներգաղթյալների կողմից կատարված դաժան սպանությունների մի քանի օրինակների: Միևնույն ժամանակ, Թրամփը նշել է, որ Միացյալ Նահանգները հպարտանում է նրանով, որ ընդունում է օրինական միգրանտներին:

Նախագահը կոչ է արել դեմոկրատներին համաձայնել պատի կառուցմանն ու այդպիսով դադարեցնել կառավարության «շաթդաունը»: Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսի ղեկավարներին հունվարի 9-ին հրավիրել է հանդիպման, որպեսզի փորձեն վերականգնել կառավարության ֆինանսավորումը: Թրամը հայտարարել է, որ պատրաստ է զիջումների գնալ դեմոկրատներին ու այլևս չի պնդում, որ պատը պատրաստված լինի բետոնից։ Նա համաձայն է նաև պողպատե պարսպին: