ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործը քննող դատավոր Մեսրոպ Մակյանն այսօր որոշում կայացրեց Զարուհի Փոստանջյանին ներգրավել գործով ամբաստանյալներ Պավել Մանուկյանի և Արմեն Բիլյանի պաշտպան։

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Զ. Փոստանջյանն ասաց, որ նրանց հետ ունի գործընկերային, ընկերական հարաբերությունները, նրանք դիմել են իրեն, ինքն էլ հանաձայնվել է ներկայացնել նրանց։ Նրա խոսքով, Պավել Մանուկյանը, Արմեն Բիլյանն անմեղ են, նրանց նկատմամբ պետք է արձակվի արդարացման դատավճիռ։ Զ. Փոստանջյանն ասաց, որ Արմեն Բիլյանին վերագրվող սպանության մեղադրանքն անհիմն է, ինչը պարզ է նաև վկաների հարցաքննությունից, պետք է արդարացման դատավճիռ կայացվի։

Նշենք, որ ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա Ծռեր» խմբի անդամներից կալանքի տակ շարունակում են մնալ ամբաստանյալներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են նաև սպանության մեջ: Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։