Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը նամակ է գրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ հույս հայտնելով, որ նոր կառավարության աշխատանքներում առաջնային կլինի Սփյուռքը: Նա նշել է, որ սփյուռքի նախարարության լուծարման մասին լուրը սփյուռքահայության շրջանում դիտվում է որպես սփյուռքի նկատմամբ ոչ բարենպաստ որոշում, հայտնում է «Երկիրը»:

Նա հավելել է, որ սփյուռքի համար կարևոր է ունենալ սփյուռքի նախարարություն: Արամ Ա-ն ընդգծել է, որ անցած տարիներին սփյուռքի նախարարությունը հսկայական գործ է արել ու պետք է գնահատել այն։

«Կարևորելով սփյուռքի նախարարության գոյության ռազմավարական իմաստը՝ միաժամանակ, պետք է նկատի ունենալ, որ երբեմն խորհրդանշական իմաստն ավելի կենսական է, քան ռազմավարականը կամ քաղաքականը»,- ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը։

Ըստ Արամ Առաջինի, սփյուռքի սպասելիքները մեծ են, որ սփյուռքի նախարարությունը կշարունակի գործել: Կաթողիկոսը կարծում է, որ սփյուռքի դուրս մղումը կառավարության կազմից կարող է բացասական անդրադարձ ունենալ սփյուռքի ներսում։