«Լուսավոր Հայաստան» կուսակցության խոսնակ Անի Սամսոնյանը հրաժարվել է Երևանի ավագանու մանդատից։ Այդ մասին Սամսոնյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում։

«Դիմում գրեցի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու վերաբերյալ։ Այսօր ժամեր անց նորընտիր Ազգային ժողովի պատգամավորները կստանձնեն իրենց մանդատներն, այդ թվում՝ նաև ես», - գրել է Սամսոնյանը։

Նշենք, որ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում այսօր տեղի կունենա դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում ընտրված պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը:

«Իմ քայլը» դաշինքը կստանա պատգամավորական 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26, իսկ «Լուսավոր Հայաստան»-ը՝ 18։

7-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստը կգումարվի հունվարի 14-ին։