Կառավարության այսօրվա նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանին, նախարարներ Լիլիթ Մակունցին և Մխիթար Հայրապետյանին՝ գործադիրում ունեցած համատեղ աշխատանքի համար:

Նշենք, որ նրանք այսօրվանից կստաձնեն ԱԺ պատգամավորի լիազորությունները: Կառավարության անդամի պաշտոնում այսօր նրանց վերջին օրն էր: Փաշինյանը հույս հայտնեց, որ նրանք ԱԺ-ում կառավարության արդյունավետ գործունեությանը կնպաստեն:

Վարչապետի պաշտոնակատարը անդրադարձավ նաև կառավարության կառուցվածքի փոփոխությանը, մասնավորապես՝ նախարարության թվաքանակի կրճատմանը.

«Այս գործընթացի իմաստը և նպատակը փող խնայելը չէ: Այստեղ նպատակը շատ ավելի կարևոր է. բարձրացնել կառավարության և պետական կառավարման մարմինների արդյունավետությունը, սա թերևս միակ նպատակն է, որը կարելի է և արժե ձևակերպել: Այս առումով մեզ շատ լուրջ աշխատանք է սպասվում»,- նշեց կառավարության ղեկավարը:

Նրա փոխանցմամբ՝ այս հարցերի շուրջ գործադիրում արդեն քննարկումներ են ունեցել: Փաշինյանի խոսքով՝ կառավարությունը համոզված է, որ պետք է կրճատվեն նախարարությունների քանակը, և քաղաքացիներից ստացել են այն իրագործելու մանդատը:

Նիկոլ Փաշինյանը առանձնահատուկ անդրադարձավ սփյուռքի նախարարության գործունեության դադարեցմանը: Ասաց՝ տպավորություն կա, որ իրենք ցանկանում են «խաչ քաշել» սփյուռքի նախարարության վրա: Ընդգծեց՝ հստակ նպատակ ունեն, որ պետք է առավել արդյունավետ դարձնեն սփյուռքի հետ հարաբերությունները.

«Սփյուռքի հետ հարաբերությունների մակարդակը ոչ թե կնվազեցվի, այլ կբարձրացվի: Մենք այդ մոդելի վերաբերյալ առաջիկայում նաև քննարկումներ կունենանք սփյուռքի մեր հայրենակիցների հետ, և հույս ունեմ այս հարցի վերաբերյալ կհասնենք համաձայնության»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը: