Իսպանիայի ոստիկանությունը՝ Եվրոպոլի աջակցությամբ, հայկական խոշոր հանցավոր խումբ է ձերբակալել՝ թենիսի պայմանավորված խաղեր կազմակերպելու մեղադրանքով: Եվրոպոլի հաղորդագրության համաձայն՝ ձերբակալվել է 83 մարդ, այդ թվում՝ 28 պրոֆեսիոնալ թենիսիստ, որոնցից մեկը մասնակցել է Ամերիկայի վերջին բաց առաջնությանը:

Գործի քննությամբ պարզվել է, որ կասկածյալները կաշառել են պրոֆեսիոնալ խաղացողներին, որպեսզի վերջիններս իրենց ցանկալի արդյունքը ապահովեն, ապա, օգտագործելով հազարավոր մարդկանց անձնական տվյալները, խաղադրույքներ են կատարել այդ խաղերում ու հսկայական գումարներ վաստակել: Հանցավոր խմբավորման անդամների և նրանց հետ համագործակցող թենիսիստների անունները իրավապահները դեռ չեն բացահայտում, չեն նշում նաև՝ ձերբակալված հայերը Հայաստանի՞, թե՞ այլ երկրի քաղաքացիներ են:

Երեկ իսպանացի ոստիկանները հատուկ գործողություն են իրականացրել, որի ընթացքում խուզարկվել է 11 տուն՝ Իսպանիայի 9 տարբեր նահանգներում: Առգրավվել է 137 հազար եվրո գումար, զենք, տասնյակ համակարգիչներ, 5 շքեղ մեքենաներ, ոսկյա զարդեր ու շքեղության այլ պարագաներ: 42 բանկային քարտ ու հաշիվ սառեցվել է: 83 կասկածյալներից 15-ի վերաբերյալ դատարանն արդեն կալանավորման որոշում է կայացրել, մեղադրանք է առաջադրվել մի շարք հոդվածներով, այդ թվում՝ փողերի լվացման ու զենք պահելու համար: 68-ի մասով քննություն է ընթանում:

«Այս պահին մեր ունեցած փաստերը վկայում են, որ հանցախումբը սկսել է գործել 2017թ-ի փետրվարից, այս ընթացքում, մեր հաշվարկներով, նրանք միլիոնավոր եվրոների շահույթ են ստացել ապօրինի ճանապարհով», - ըստ Reuters լրատվական գործակալության, հայտարարել է Իսպանիայի ոստիկանությունը: