Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Դուշանբեի հայտնի վերելակը կարող է Ղարաբաղի հարցում դառնալ «մահվան վերելակ»:

Բրյուսելի հետ հարաբերություններում Հայաստանի համար մշտապես կարևորվել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը: Հիմքերը պարզ են՝

ա. ԵՄ-ն հանդիսանում է աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական և ֆինանսական կենտրոններից մեկը,

բ. ԵՄ անդամ Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահ երկիր է, և գնալով ավելի շատ է դիրքավորվում այդ դերում հենց որպես ԵՄ ներկայացուցիչ,

գ. Մինսկի խմբի անդամ 11 պետություններից 5-ը ԵՄ անդամ են՝ ի հավելումն արդեն հիշատակված Ֆրանսիայի, նաև Գերմանիա, Իտալիա, Շվեդիա և Ֆինլանդիա,

դ. ԵՄ-ի հետ ճիշտ դիրքավորման դեպքում մեծանում են շանսերը այդ դրական ազդակը տարածելու նաև ԵՄ անդամ պետությունների վրա,

ե. ԵՄ-ն աշխարհի բոլոր գերկենտրոնների շարքում դեռևս ամենահավատարիմն է արժեքների վրա խարսխված քաղաքական ռազմավարություններին, ինչի դեպքում Ղարաբաղի ժողովրդի արդար պայքարը առավել ընկալելի է դառնում:

Սա էր պատճառը, որ հայկական կողմի համառ և արդյունավետ ջանքերի շնորհիվ Հայաստան-ԵՄ համաձայնագրում գնահատականներ են տրվել նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձևաչափին (ԵԱՀԿ Մինսկի խումբ), հիմնական սկզբունքներին (այդ թվում՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի), քաղաքական դիրքորոշումներին (2008թ-ից սկսած համանախագահ երկրների բոլոր համատեղ հայտարարությունները):

Այս հանգամանքը լրջագույն հավելյալ արժեք է ստեղծում Հայաստանի համար ԵՄ-ի հետ հարաբերություններում, և որպեսզի այս արժեքը իրավական պարտադիր ուժ ստանա, անհրաժեշտ է համաձայնագրի լիարժեք վավերացումը Եվրախորհրդարանի կողմից:

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը նույնպես բանակցում է ԵՄ-ի հետ՝ իր նոր շրջանակային համաձայնագրի շուրջ: Այդ աշխատանքներն արդեն ավարտական փուլում են, և իմ ունեցած տեղեկություններով, Ադրբեջանը ահռելի ջանքեր է գործադրում, որպեսզի համաձայնագրի առնվազն նախաստորագրումը տեղի ունենա մինչև այս տարվա ԵՄ ընտրությունները:

Ադրբեջանական կողմը խիստ դժգոհ էր Հայաստանի հետ համաձայնագրում Ղարաբաղին վերաբերող ձևակերպումներից և մինչ այսօր աշխատանքներ է տանում իր համաձայնագրում առավել բարենպաստ դիրքորոշում կորզելու համար:

Հայկական դիվանագիտության առջև կանգնած այս խնդիրը իշխանափոխությունից հետո խորացել է նախևառաջ այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նպատակաուղղված քանդում է նախորդ բանակցային փուլում հայկական կողմի բոլոր առկա դիրքերը՝ փոխարենը բավարարվելով «վերելակային դիվանագիտությամբ»:

Իսկ վերելակները, ինչպես հայտնի է, մի օր բարձրանում են, մի օր՝ իջնում, իսկ մի օր էլ պոկվում և ընկնում փոսը: Հիմնավոր կասկածներ ունեմ, որ Դուշանբեի հայտնի վերելակը կարող է Ղարաբաղի հարցում դառնալ «մահվան վերելակ»:

Իշխանափոխությունից հետո անհասկանալի է նաև, թե Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ինչ լոբբիստական մեխանիզմներով և կառույցներով է աշխատելու Բրյուսելում, քանզի նախկինում եղած ռեսուրսը նոր իշախանությունների հանցավոր կարճատեսության հետևանքով կամ տկարանում է, կամ վերանում: Հասկանալի պատճառով այս հարցով ավելին ներկայացնել չեմ կարող, բայց ցավով արձանագրում եմ, որ այդ ճակատը այս պահին նույնպես սրընթաց մերկանում է»: