Վերաքննիչ քրեական դատարանում հունվարի 11-ին մեկնարկած ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությունը հետաձգվել է: Պատճառն այն է, որ Գևորգյանի պաշտպանը չի ստացել դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի օրինակը և հնարավորություն չի ունեցել գրավոր առարկություններ պատրաստելու։ Բողոքի քննությունը կշարունակվի հունվարի 17-ին։

Լրագրողների հետ զրույցում Արմեն Գևորգյանն ասել է, որ ներկայացված որևէ մեղադրանք չի ընդունում, համարում է անհիմն։ Նա հավելել է նաև, որ շատ բան ունի ասելու, բայց դեռ ժամանակը չէ, հայտնում է Panorama.am-ը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք առերեսում կատարվել է իր և գործարար Սիլվա Համբարձումյանի հետ, նա պատասխանել է.

«Ես մի կարգավիճակում եմ, որ, ցավոք սրտի, նմանատիպ հարցերի չեմ կարող պատասխանել։ Կգա ժամանակը, ես շատ-շատ բան ունեմ ասելու և պատմելու, բայց հիմա դրա ժամանակը չէ»։