Ապրիլյան պատերազմի գործողությունների մասնակից տղաները ստեղծել են «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միություն»: Միության անդամ Շուլի Հակոբյանը Armdaily.am-ի հետ զրույցում նշեց, որ միությունը ստեղծվել է 2018թ-ի օգոստոսին.

«Մեր միության նպատակն է համախմբել ապրիլյանի մասնակից տղաներին»:

Շուլիի խոսքերով շատ տղաներ իրենց հռչակել են ապրիլյանի մասնակից.

«Իրենք իրենց հռչակում են հերոս, խառնվում են քաղաքականությանը, զբաղվում են քարոզարշավով: Բայց իրականում նրանք ընդահանրապես կապ չունեն Ապրիլյան մարտերի հետ: Մենք մեր միության մեջ փորձում ենք միավորել այն տղաներին, ովքեր իրականում մասնակցել են ապրիլյանին»:

Միության այցը ֆինանսավորել է Նիդեռլանդների՝ «Նոր Հայաստան Միություն» Belgium Lanaken-ի կողմից.

«Նիդեռլանդներում շատ մտերիմ ընկեր ունենք, ով միջնորդ է հանդիսացել: Մնացյալ ֆինանսավորումն էլ արել ենք մենք՝ մեր ուժերով»:

Միության անդամները հերթով Հայաստանի բոլոր մարզերի տղաներին՝ ովքեր մասնակցել են Ապրիլյան մարտերին, անդամագրելու են միությանը: 2019թ-ի հունվարի 5-ին «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միությունը» այցելել էր Արցախի հյուսիս-արևելյան շրջանի մարտական դիրքեր.

«Գնացել էինք Ամանորյա ու սուրբծննդյան տոների առթիվ՝ շնորհավորանքի և գնահատանքի խոսքը հղելու մեր հայրենիքի պաշտպաններին»։

Այցի սկզբում Արցախի Մատաղիս գյուղում տեղակայված զորամասում կազմակերպվել է համերգ.

«Համերգն անցավ շատ ջերմ ու ուրախ մթնոլորտում։ Երաժիշտներ Նվեր Շահնազարյանը, Արմեն Շահնազարյանը,Կամո Ավետիսյանը, Համո Իսրայելյանը, Ժորա Բաղդասարյանը, Արման Սրափյանը և Կարեն Մելքոնյանն առանց մեկ վայրկյան վարանելու մեզ հետ բարձրացան դիրքեր և փորձեցին տոն դարձնել մեր զինվորների տոնը: Նաև ուզում եմ Արթուր Աֆրիկյանի անունը նշել, ով միշտ փորձում է ստվերում մնալ, սակայն այս այցի ընթացքում մեզ շատ է օգնել»:

Այնուհետև տեղի է ունեցել այցելություն մարտական դիրքերից մի քանիսը: Տղաների հետ մարտական դիրքեր է այցելել նաև Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը.

«Ղարամյանն իր կնոջ 50 ամյակի օրով մեզ հետ եկել էր: Կինն էլ իր ձեռքով ծանրոցներ էր պատրաստել և ուղարկել զինվորներին»:

Շուլի Հակոբյանը նշեց, որ այցեր Արցախ և մարտական դիրքեր կրկին սպասվում են.

«Մեր այցերը շարունակական բնույթ են կրելու, մենք դեռ շատ ծրագրեր ունենք իրականացնելու: Նաև պատրաստվում ենք մամուլի ասուլիս հայտարարել, որի ընթացքում կխոսենք միության առաջիկա ծրագրերի մասին»,- եզրափակեց Շուլին: