«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ «Իմ քայլից» ԱԺ նորընտիր պատգամավոր Հայկ Սարգսյանն ընտրվել է վարչական ռեսուրսի բազմաթիվ չարաշահումներով։

Նա հայտնել է նաև, որ նյութերն ուղարկվելու են Հատուկ քննչական ծառայություն:

«Մենք տեղեկատվություն ունենք, որ արդեն հայտնի ախրանիկ-պատգամավոր Հայկ Սարգսյանը ընտրվել է Գեղարքունիքում վարչական ռեսուրսի բազմաթիվ չարաշահումներով։ Շուտով նյութերը կուղարկենք հատուկ քննչական ծառայություն։ Բայց եթե այդ մասին տեղեկություններ ունեք` գրեք ինձ, որ ավելի հիմնավոր լինի։ Աղբյուրների գաղտնիությունը երաշխավորում եմ»,- ասվում է գրառման մեջ։

Պատգամավոր Հայկ Սարգսյանն արձագանքել է Իոաննիսյանի մեղադրանքին:

«Լայն տարածում ստացած արդի բառապաշարով ասած՝ այ կլասիկ զրպարտիչ, եթե իսկույն ևեթ չհրապարակես, իբրև ձեռքներիդ տակ եղած, տեղեկությունները և, խոստացածիդ համաձայն, դրանք չհանձնես Հատուկ քննչական ծառայություն, որ պատկան մարմինները դրանց գնահատական տան, ես քեզ դատի կտամ՝ ինձ զրպարտելու նպատակով ակնհայտ սուտ տեղեկություններ տարածելու համար»:

Պատգամավորի գրառման մեջ ասվում է նաև.

«Իր արարքին պատշաճ դիմելաձև էի մտածում, մեկ էլ հիշեցի ոչ հեռավոր անցյալում նրա հետ ուղիղ առնչություն ունեցած մեկի՝ Դանիելին բնութագրող դիպուկ ձևակերպումը: Հուսամ, չեք մոռացել, որ ԱԺ-ում քննարկումների ժամանակ նրան անմեղսունակ որակեցին, սակայն նա չփորձեց հակադարձել կամ վիճարկել: Հավանաբար, շատ փաստարկված էր բնութագիրը և նա անհեռանկար համարեց վիճարկելը: Ուստի, այսուհետ՝ ես նրան կդիմեմ այ ոչ հարգելիս կոչականով, բայց նկատի կունենամ վերոհիշյալ արտահայտուիթյունը՝ չվիճարկելով հեղինակային իրավունքը: Եվ այսպես, այ ոչ հարգելիս, որ այդպիսի բազմաթիվ տեղեկատվություններ ունեիք, ինչու՞ էիք դրել տակներդ և չէիք հրապարակում՝ իրազեկելու հանրությանը, որ անաշխատ չլինեին ձեզ տրամադրվող գրանտները և, որ ունեք՝ ինչու՞ եք այդպիսի տեղեկություններ մուրալու կոչով դիմում: Ավելի հիմնավորը ո՞րն ա, այ ոչ հարգելիս»: