Խանութներում բանջարեղենը թանկացել է։ Կարտոֆիլը վաճառվում է 300-400 դրամով, գազարը՝ 350 դրամից սկսած, ճակնդեղը՝ 250-350 դրամի սահմաններում։ Ոմանք թանկացումը պայմանավորեցին Լարսի անցակետի փակ լինելով, հիմնավորեցին, որ բանջարեղեն Հայաստան չի հասնում։

Խնդիրը վերաբերում է պարենային ապահովությանը, որն ազգային անվտանգության հարց է։ Գյուղատնտեսության նախարարությունից հայտնում են, որ մեղավորը ոչ թե Լարսն է, այլ հանրապետական նշանակության ճանապարհների վիճակը։ Այս մասին գրում է panorama-ն։

Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը, վկայակոչելով կարտոֆիլի, կաղամբի, ճակնդեղի, գազարի ներմուծման ու արտահանման ծավալների վերաբերյալ թվերը, նշեց, Հայաստան չնչին քանակությամբ կարտոֆիլ է ներմուծվում։

«Կարտոֆիլի, կաղամբի արտադրության այնպիսի մակարդակ ունենք, որ լիարժեք բավարարում ենք մեր սեփական սպառման պահանջները։ Գազարի ու ճակնդեղի առումով երբեմն ունենում ենք խնդիրներ, բայց այս տարի արտադրության ծավալները բավականին բարձր են եղել։ Նույնիսկ նախատոնական օրերին այս տարի այդ բանջարեղենները մնացել են մատչելի»,- ասաց փոխնախարարը։

Պետրոսյանի խոսքով, խնդիրն ավելի շատ պայմանավորված է մարզերից մայրաքաղաք հասնելու հետ։ Թանկացումը, ըստ Պետրոսյանի, հետևանք է ճանապարհների վատ վիճակի, օրինակ, Գեղարքունիքից, Շիրակից Երևան եկող ճանապահներից շատերը մերկասառույցով են պատված, իսկ դա ազդում է մատակարարումների վրա։

«Եղանակային փոփոխությունները որոշ ժամանակաշրջանում շեղումներ է առաջացնում, և դա միշտ է եղել, նաև նախորդ տարիներին։ Ես ուղղակի հավատացնում եմ, որ մենք ունենք և կաղամբի, և ճակնդեղի, և գազար բավարար քանակություններ»,- ասաց նախարարության ներկայացուցիչը։

Նախարարության ունեցած տվյալների համաձայն, այսօր մեծածախ շուկայում լավորակ կարտոֆիլն արժե 190-200 դրամ, նախկին 180-ի փոխարեն։

«Ես անձամբ եմ ճշտել մեծածախի գինը։ Մանրածախ գինը տարբեր խանութներում տարբեր է, մեր դիտարկումներով, միջակ ու ավելի ցածր որակի կարտոֆիլը 150 դրամ է, միջակը՝ 170-180, բարձր որակի կարտոֆիլը՝ մինչև 250 դրամ, իսկ սուպերմարկետներում մինչև 300 դրամ։ Բայց դա երբեք չի կարելի հիմք ընդունել ու ասել, գիտե՞ք ինչ, կարտոֆիլն այսօր վաճառվում է 330 դրամով»,- ասաց նախարարի տեղակալը։

ԳՆ տրամադրած տվյալների համաձայն, 2018թ-ի ընթացքում Հայաստան ներմուծվել է ընդամենը 104 տոննա կարտոֆիլ, այն պարագայում երբ տարեկան Հայաստանում սպառվում է մոտ 300 հազար տոննա։

«104 տոննան ծիծաղելի թիվ է, չնչին քանակություն, ընդամենը հինգ մեքենա, դա մի գյուղի օգտագործած կարտոֆիլի չափ է։ Իսկ մենք 450-500 հազար տոննա կարտոֆիլ ենք արտադրում։ Նույն ժամանակահատվածում արտահանվել է 3700 տոննա»,- պատկերավոր նկարագրեց Պետրոսյանը։

Անցած տարվա ընթացքում Հայաստան ներկրվել է 283 տոննա ճակնդեղ, արտահանվել է 1418 տոննա կաղամբ, ծաղկակաղամբ (արտահանվել է 3437 տոննա ծաղկակաղամբ, կաղամբ, բրոկոլի), 2900 տոննա գազար, հիմնականում հարևան Իրանից։ Նախորդ տարվա ընթացքում Հայաստանից արտահանվել է 611 տոննա գազար ու ճակնդեղ։

Փոխնախարարի խոսքով, ինքն անընդհատ կապի մեջ է միջին ու խոշոր գյուղատնտեսների հետ, նրանք բոլորն էլ ունեն պահեստավորված կարտոֆիլ։

«Ի դեպ, կարտոֆիլի հիմնական սպառման սեզոնն անցել է, երբ նոյեմբերին հատկապես գյուղերում մարդիկ մի քանի պարկ գնում են ու պահեստավորում։ Նույնիսկ մայրաքաղաքում են այդպես անում։ Այնպես որ խնդիր չի լինի, մինչև նոր կարտոֆիլի լինելը, իմ հաշվարկները ցույց են տալիս, որ մենք պետք է խնդիր չունենանք»,- ասաց նա։