ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն ընտրվել է խորհրդարանի նախագահի պաշտոնում:

ԱԺ նախագահի գաղտնի քվեարկությանը մասնակցել են խորհրդարանի բոլոր՝ 132 պատգամավորները: Միրզոյանի օգտին կողմ է քվեարկել 131 պատգամավոր, 1 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Արարատ Միրզոյանը 2000թ-ին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի բակալավրիատը, 2002թ-ին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան, 2004թ-ին՝ ՀՀ Պետական կառավարման ակադեմիան, 2005թ-ին՝ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտուրան, որտեղ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել գիտությունների թեկնածուի աստիճան։

Միրզոյանն աշխատել է «Ավրորա մրցանակ և 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավար «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամում: Աշխատել է «Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդեռլանդական հիմնադրամում» (NIMD) որպես քաղաքական և ռազմավարական պլանավորման փորձագետ, «Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում» (IFES) որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող:

Եղել է գիտաշխատող ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես արխիվագետ: Դասախոսել է Երևանի պետական համալսարանում։

Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016թ-ի հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:

2017-2018թթ-ին եղել է ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր, իսկ Թավշյա հեղափոխությունից հետո զբաղեցրել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնը: