Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ վերսկսվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը։

Նշենք, որ երկրորդ նախագահի նկատմամբ ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել Քոչարյանի պաշտպանները, իսկ ՀՔԾ-ն միջնորդել է ևս երկու ամիս ժամանակով երկարաձգել Քոչարյանի կալանքի ժամկետը։ Այս երկու գործն էլ քննում է դատավոր Արթուր Մկրտչյանը։

Նշենք, որ նախորդ՝ հունվարի 15-ի դատական նիստում ՀՔԾ-ն կողմը միջնորդել էր երկարաձգել Քոչարյանի կալանքի ժամկետը, ինչի դեմ առարկություններ էին ներկայացրել Քոչարյանի պաշտպաններից երկուսը։ Այս դատական նիստում փաստաբանները կշարունակեն ներկայացնել իրենց առարկությունները։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել են դեռևս նախորդ տարի՝ դեկտեմբերի 26-ին, և դատարանին խնդրել են որոշել սահմանվող գրավի չափը:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների խոսքով՝ երկրորդ նախագահի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ընտրելու մասին դատարանի որոշումից անցել է ավելի քան չորս ամիս և այդ ընթացքում որեւէ կերպ գործին խոչընդոտելու գործողություն նրա կողմից չի կատարվել և որ որևէ հիմք չկա Ռոբերտ Քոչարյանին այս պահին կալանքի տակ պահելու համար: Հիշեցնենք, որ 2018թ. դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները և անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ի որոշումը՝ համաձայն որի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։

Ռոբերտ Քոչարյանը «Մարտի մեկի» քրեական գործով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար: