97 տարեկանում մահացել է բեմադրիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Ջրբաշյանը։ Ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։

Բեմադրիչ Ռաֆայել Ջրբաշյանը ծնվել է 1923 թ. հուլիսի 2-ին, Կիսլավոդսկում: Ավարտել է Թիֆլիսի պետական մանկավարժական ինստիտուտի ռուսական բանասիրության բաժինը, 1949թ-ին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը պրոֆեսոր Վավիկ Վարդանյանի ղեկավարությամբ։ Դասավանդել է Երևանի դպրոցներում։ 1954-1969թթ-ին եղել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի ռեժիսոր և բեմադրիչ, 1971-1973թթ-ին՝ Վանաձորի Աբելյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, 1975-1990թթ-ին՝ Արտաշատի Ամո Խարազյանի անվան և միջշրջանային թատրոնների գեղարվեստական խորհրդատուն, բեմադրություններ է արել Օպերայի և բալետի, Պարոնյանի անվան, Պատանի հանդիսատեսի, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան և այլ թատրոններում։ 1957թ-ից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, եղել է ամբիոնի վարիչ, պրոռեկտոր, 1985թ-ից՝ պրոֆեսոր։ Նրա ջանքերով ինստիտուտում ստեղծվել է ռեժիսուրայի ամբիոնը և բեմանկարչության բաժինը։

Ռ.Ջրբաշյանի բեմադրություններից են Մասկանյիի «Գեղջկական ասպետություն», Ստեփանյանի «Լուսաբացին» (Արմեն Գուլակյանի հետ), Ռուբինշտեյնի «Դևը», Հարությունյանի «Սայաթ-Նովա»։

Նրա աշակերտներից են եղել հետագայի բազմաթիվ դերասաններ, հաղորդավարներ, թատրոնների գեղարվեստական ղեկավարներ, բեմադրիչներ, ժողովրդական արտիստներ: Գրել է բազմաթիվ մասնագիտական հոդվածներ, խոհեր, գրքեր, կատարել է թարգմանություններ: 1985թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2008թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման:

«Իմ կյանքն արվեստում էլ է դժվար եղել: Ինքնահաստատման, ուրույն ծրագրերի կենսագործման համար ես մեծ կռիվներ եմ մղել: Այդ ամենի մասին գրել եմ իմ գրքերում, հոդվածներում: Ես լավ եմ հասկանում, թե ինչ ասել է կռիվ` գոյության համար: Ֆիզիկական գոյության համար կռիվն այլ է, այլ է ստեղծագործական գոյության կռիվը: Ես միշտ իմ ուսանողներին հորդորում եմ ուժեղ ու կամային լինել, չընկրկել դժվարությունների առջև, չհուսահատվել: Ինձ շատ են խանգարել, շատ են վնասել: ... Դժվար է արվեստի ճանապարհը, բարդ, ինքնատիպ: Ոմանց թվում է, թե ամեն ինչ հեշտ է, թե մեկ-երկու փոքրիկ հաջողություն` և ամեն ինչ հարթ կընթանա: Բայց իրականությունն այլ է: Պետք է կռվել ու պայքարել, պետք է այնպիսի տեսադրույթներով հանդես գալ, որ դժվար լինի քեզ հաղթելը»,- տարիներ առաջ ավանգարդ․ամ-ին տված հարցազրույցում ասել է Ռ. Ջրբաշյանը։