«Սասնա ծռեր» խմբի 10 տաս անդամների գործով դատական նիստին այսօր Արմեն Բիլյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը միջնորդեց, որպեսզի ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Արմեն Բիլյանի խափանման միջոց կալանքը փոխվի ստորագրությամբ:

Այս գործով ամբաստանյալ Պավել Մանուկյանն իր դիրքորոշումն հայտնեց Բիլյանի ազատ արձակման վերաբերյալ ասելով, որ նա հանցանք չի գործել.

«Արմեն Բիլյանն այս ազգին պիտանի մարդ է: Նա հանցագործ անցյալ չի ունեցել, նա հայազգի մասին մտահոգ քաղաքացի կատարել է իր սրբազան պարտքը»:

Հիշեցնենք, որ Պավել Մանուկյանը ազատ արձակվելուց հետո բազմիցս հայտարարել է, որ սպանված ոստիկան Գագիկ Մկրտչյանի մահվան հետ Արմեն Բիլյանը կապ չունի, նա չի եղել ոստիկանին կրակողը: Արմեն Բիլյանն իր հերթին վստահեցրեց, որ ինքը պատասխանատվությունից չի խուսափի.

«Արմեն Բիլյանը փախնող և հայրենիքը լքող տղա չի»:

Տուժողի իրավահաջորդները, սակայն այս միջնորդությանը դեմ էին: Սպանված ոստիկան Գագիկ Մկրտչյանի կինը` Հասմիկ Ոսկանյանը ասաց.

«Ազգի համար գնացող մեկը բանկոմա՞տ է թալանում: Հանուն հայրենիքի մարդը չի գնում մանր գողության: Ինձ հետաքրքիր չի` վնասվածքը եղել է իր կողմից, թե մեկ ուրիշի: Գագիկ Մկրտչյանը վիրավոր է եղել 27 օր ապրել է, որից 12 օրը գիտակցության մեջ է եղել: Ես խոսել եմ Գագիկի հետ, նա ասել է` ինչպես է վնասվածք ստացել: Առարկում եմ միջնորդության դեմ»:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որը կհրապարակվի 20 րոպեից։