«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով որոշ լրատվամիջոցների տարածած այն տեղեկություններին, թե իբր 2018թ-ին Արցախում նվազել է ներդրումների ծավալը, իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«2018թ-ի չորրոդ եռամսյակից սկսած՝ Արցախում սկսվել է շուրջ 15 մլն դոլարի հասնող ներդրումային ծրագրի մեկնարկը:

Վերջին օրերին հայկական որոշ լրատվամիջոցներում մտահոգությունների տեսքով տեղեկություններ են տարածվում, որ 2018թ-ին Արցախում նվազել է ներդրումների ծավալը: Արձագանքելով այսօրինակ ապատեղեկատվությանը՝ որպես առաջին հերթին Արցախի տնտեսական համակարգին քաջածանոթ անձ՝ հայտարարում եմ, որ այդ մտահոգությունները տեղին չեն:

Այս իմաստով կանդրադառնամ 2018թ-ին իրականացված մի շարք ծրագրերի: Մասնավորապես, անցած տարվա ընթացքում միայն հիդրոէներգետիկ ոլորտում սկսվել են 10 նոր փոքր ՀԷԿ-երի շինարարական աշխատանքները, որոնց մի մասը՝ օտարերկրյա կապիտալի ներգրավմամբ: Բացի նշվածից, շահագործման են հանձնվել 5 փոքր ՀԷԿ-եր, և դրանց ընդհանուր ներդրումային արժեքը հասնում է մի քանի միլիարդ ՀՀ դրամի: Կապի և հեռահաղորդակցության ոլորտում, ըստ նախանշված ժամանակացույցի, 2018թ-ի չորրոդ եռամսյակից սկսած՝ սկսվել է շուրջ 15 մլն դոլարի հասնող ներդրումային ծրագրի մեկնարկը: Շինարարության ոլորտում բարեգործական և ներդրումային միջոցներով իրականացվող խոշոր նախագծերի հետ կապված ֆինանսավորման խնդիրներ չկան»,- ասվում է գրառման մեջ:

Նշվում է նաև, որ տնտեսական տարին Արցախում եզրափակվել է երկնիշ տնտեսական աճով, որը մեկ անգամ ևս փաստում է տնտեսական զարգացման կայուն ընթացքը, իսկ 2019թ-ի ներդրումային մի շարք խոշոր ծրագրերի վերաբերյալ արդեն հայտարարվել է:

«Եվ բոլոր այս արձանագրված հաջողությունների հիմքում մեծ է ՀՀ իշխանությունների ծանրակշիռ և գործուն մասնակցությունը: Ի դեպ, ցանկանում եմ վստահեցնել, որ արդեն ստեղծված են բոլոր նախադրյալներն առաջիկա տարիներին ևս Արցախում երկնիշ տնտեսական աճ ապահովելու համար»,- ասվում է գրառման մեջ: